Եվրասիական տնտեսական միությունում մաքսակետերում պահանջվող փաստաթղթերի քանակը կպակասի։ Այս մասին մայիսի 14-ին Կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով NEWS.am-ի թղթակցի հարցին,  հայտարարեց ԵՏՀ կոլեգիայի անդամ, ԵՏՀ Մաքսային համագործակցության նախարար Վլադիմիր Գոշինը։

Նրա խոսքով՝ ներկայացվելու է միայն բացառապես մաքսային  հայտարարագիր, առանց այն փաստաթղթերի, որոնց հիման վրա հայտարարագիրը լրացվել է։ Ապրանքագիր,  CMR-ի ուղեգիր, մատակարարման պայմանագիր, այս բոլորը մաքսատունը կարող է պահանջել միայն ռիսկերի վերլուծության հիման վրա, ապարատածրագրային համալիրի հրամանով։ Բացի այդ, էապես ընդլայնվել է տնտեսական լիազոր օպերատորի ինստիտուտը։ «Մենք ուզում ենք ցույց տալ, որ մաքսայինի հետ ավելի ձեռնտու է ազնիվ աշխատել։ Նման սուբյեկտները կարող են օգտվել մի շարք արտոնություններից։ Դա հնարավորություն է տալիս վճարումներ կատարել եւ հայտարարագրեր լրացնել շատ ավելի ուշ եւ ազատվել մի շարք հսկիչ ընթացակարգերից»,- նշեց Գոշինը։

Նա հավելեց, որ ԵՏՀ-ն մտածում է ԵՏՄ լիազոր օպերատորների եւ նրա խոշոր առեւտրային գործընկերների՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի միջեւ  փոխճանաչման շուրջ բանակցությունների մասին։ «Եթե ապրանքը ուղարկողները եւ ընդունողները լինեն փոխճանաչված լիազոր օպերատորները, ապա փաստացիորեն բեռը կտեղափոխվի առանց մաքսային մարմինների մասնակցության, ինչը լուրջ պարզեցում կլինի»,- եզրափակեց Գոշինը։