ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հորդորում է հանգիստ թողնել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո, Շարմազանովն ասաց՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք ՀՀԿ անդամ չհանդիսացող Վահագն Գեւորգյանի թեկնածությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու ՀՀԿ որոշումը բարեկամական քայլ էր Ծառուկյանի հանդեպ։

«Պետք է Գագիկ Ծառուկյանին հանգիստ թողնել, ինքը զբաղվում է իր գործունենությամբ, ինքը հայտարարել է, որ դուրս է գալիս քաղաքականությունից: Իրատեսական չի Աբովյանի իրադարձությունները կապել Գագիկ Ծառուկյանի անվան հետ»,- ասաց Շարմազանովը։

Շարմազանովը հրաժարվեց պատասխանել լրագրողի հարցին, թե ինչպես ՀՀԿ-ն որոշում կայացրել պաշտպանել Վահագն Գեւորգյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ նա ՀՀԿ-ական չէ, ՀՀԿ-ի հետ կապ չունի՝ նշելով, որ իրենց գործադիր մարմնի ներկայացուցիչ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը նախօրեին տվել է ամբողջական ինֆորմացիա, եւ ինքն ավելացնելու բան չունի։