Չափազանց շատ երկրներում կանանց նկատմամբ խտրականությունը եւ երեխաների իրավունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը շարունակում են ներգծված լինել ընտանեկան օրենքներում եւ կառավարությունների քաղաքականություններում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ իր ուղերձում:

Նա մասնավորապես նշել է.

«Ընտանիքի միջազգային օրվա այս տարվա «Տղամարդիկ՝ գլխավո՞ր» թեման ընդգծում է ժամանակակից ընտանիքներում գենդերային հավասարության եւ երեխաների իրավունքների կարեւորությունը:

Ողջ աշխարհում ավելի ու ավելի մեծ թվով կանայք ընդունվում են որպես ընտանիքներում հավասար զուգընկերներ եւ որոշում կայացնողներ, ինչպես եւ պետք է լինի, ինչն էլ նպաստում է երեխաների ամբողջական եւ ներդաշնակ զարգացման համար բարենպաստ միջավայր ապահովելուն:

Սակայն չափազանց շատ երկրներում կանանց նկատմամբ խտրականությունը եւ երեխաների իրավունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը շարունակում են ներգծված լինել ընտանեկան օրենքներում եւ կառավարությունների քաղաքականություններում, իսկ տիրող հասարակական նորմերը հաճախ անտեսում եւ արդարացնում են բազմաթիվ խտրական գործողություններ:

Սոցիալական եւ տնտեսական գինը անդրադառնում է բոլորի վրա: Խտրականությունն ու անտեսումը հաճախ հանգեցնում են բռնության, վտանգում կանանց եւ երեխաների առողջությունն ու սահմանափակում ամբողջական ուսում ստանալու եւ ներուժը լիարժեք իրացնելու նրանց հնարավորությունը: Այս շրջապտույտը միտում ունի շարունակվելու նաեւ հաջորդ սերնդի դեպքում, քանի որ ավելի հավանական է, որ բռնության ենթարկված երեխաները բռնության դիմեն չափահաս տարիքում:

Սոցիալական եւ տնտեսական արդարացի զարգացումը կախված է արդար իրավական դաշտից եւ սոցիալական նորմերից, որոնք աջակցում են կանանց եւ երեխաների իրավունքներին: Խտրական օրենքներն ու գործելակերպերը, որոնք չեն ապահովում հավասար իրավունքներ բոլորի համար եւ ճնշում են կանանց ու երեխաների իրավունքները, տեղ չունեն ժամանակակից  ընտանիքներում, համայնքներում, հասարակություններում ու պետություններում:

Այս միջազգային օրը եկե՛ք կամք հանդես բերենք՝ փոխելու իրավական եւ սոցիալական նորմերը, որոնք խրախուսում են տղամարդկանց գերիշխանությունը կանանց նկատմամբ, ամրապնդում խտրականությունը եւ թույլ չեն տալիս վերացնել բռնությունը ընտանիքի խոցելի անդամների հանդեպ: Մինչ ձեւավորում ենք կայուն զարգացման նոր օրակարգը եւ պայքարում հանուն բոլորի համար արժանապատիվ աշխարհի, եկե՛ք միասնաբար հանդես գանք հանուն ընտանիքներում եւ ընդհանրապես՝ հասարակություններում կանանց ու երեխաների իրավունքների»: