Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը մայիսի 15-ին կնքել են համագործակցության հուշագիր:
Փաստաթղթի նպատակն է ապահովել եւ օժանդակել համագործակցությունը՝ Նախարարությունում գործող անհատական տվյալների տեղեկատվական բազաներից Հանձնաժողովին տվյալներ տրամադրելուն առչնվող հարաբերություններում։
Հուշագրի շրջանակում արդարադատության նախարարությունը Հանձնաժողովին կտրամադրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման եւ իրավաբանական անձանց գրանցման պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյաններից տվյալներ:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարեւորել է նախաձեռնությունը եւ հաջողություն մաղթել համագործակցության այս մեկնարկին: Նախարարի խոսքով՝ բոլոր պետական մարմինների պարտավորությունն է իրենց լիազորություններն իրականացնելիս նպաստել այս Հանձնաժողովի գործունեության արդյունավետությանը:
«Դա շատ կարեւոր է նաեւ մեր երկրի հակակոռուպցիոն քաղաքականության համատեքստում, որովհետեւ Հանձնաժողովի ունեցած գործառույթներն առնչվում են կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին»,- նշել է Հովհաննես Մանուկյանը եւ ընդգծել, որ այս հուշագրի շրջանակում Հանձնաժողովը հասանելիություն կունենա երկու արժեքավոր տեղեկատվական բազաների տվյալներին, որոնք զգալի նշանակություն կունենան Հանձնաժողովի արդյունավետ գործունեության համար:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը հուշագրի ստորագրումը համարել է նշանակալի իրադարձություն եւ նշել, որ սրանով պետական մարմինների համագործակցությունը մտնում է որակական նոր փուլ: «Հանձնաժողովի համար այս փաստաթուղթը կարեւոր նշանակություն ունի, քանի որ այն արդեն ներդրված համակարգի գործառույթային կողմն է ապահովելու: Պետռեգիստրի տվյալներին հասանելիություն ունենալը կնպաստի վերլուծությունների իրականացմանն ու ռիսկային հայտարարագրերի դուրսբերմանը, որը հետագա աշխատանքների կազմակերպման համար կարեւոր եւ անհրաժեշտ նախադրյալ է»,- ասել է Հանձնաժողովի նախագահը:
Հուշագրի համաձայն՝ Հանձնաժողովն ապահովելու է Նախարարության կողմից փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը եւ ստացված տվյալները կօգտագործի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ Հանձնաժողովի նպատակներին համապատասխան:





























