8-րդ ամենամյա Դիջիտեք բիզնես ֆորումն այս տարի  կանցկացվի հունիսի  19-ին եւ 20-ին:

«Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսը կրող բիզնես ֆորումի նպատակն է աջակցել գործարար ոլորտի զարգացմանը, ստեղծել արդյունավետ պայմաններ արդի տեխնոլոգիական լուծումների ծանոթացման եւ  փոխանակման համար:

Երկօրյա Բիզնես ֆորումի ընթացքում կլինեն պլենար նիստեր, գործարար ներկայացումներ, ցուցահանդես, սեմինարներ, կլոր սեղաններ, գործարար հանդիպումներ տեղական ու միջազգային գործարար համայնքի, փորձագետների եւ պետական մարմինների մասնակցությամբ: Ֆորումի թեմաներն են՝ տուրիզմ, առեւտուր, գյուղատնտեսություն, շինարարություն ու հանքաարդյունաբերություն, ֆինանսաբանկային ոլորտ, էլեկտրոնային առեւտուր, առողջապահություն, կրթություն եւ տրանսպորտ:

Այս տարի ֆորումի ժամանակ առաջին անգամ կանցկացվի խելացի լուծումներ կիրառող ընկերությունների մրցանակաբաշխություն:

Կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Այսօր արտասահմանյան եւ դրանց ամենեւին էլ չզիջող հայկական ՏՏ ընկերություններն առաջարկում են բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ արդյունավետ բիզնեսի կառավարման համար: Իսկ խելացի գործարարներն ու ղեկավարները լավ գիտակցում են, որ ձեռներեցության եւ, առհասարակ, աշխատանքի կառավարման արդյունավետությունն ու անվտանգությունը մեծապես կախված է  նաեւ տեխնոլոգիական լուծումների կիրառումից: Դիջիտեք բիզնես ֆորումի շրջանակներում առաջին անգամ անցկացվող մրցանակաբաշխությունը մեզ հնարավորություն կտա  ռեալ գնահատելու ստեղծված պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցությունն ու որակը»: