ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ մայիսի 15-ին, բավարարեց նորածնին ապօրինաբար մորից խլելու գործով Նարինե Նիկողոսյանի պաշտպանի բողոքը՝ բեկանելով ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանի կողմից կայացված քրեական գործի վարույթը կարճելու եւ Էդիսոն Ադյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը։ Դատարանի որոշմամբ բեկանվել է նաեւ առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր քննիչների գործողությունները ապօրինի ճանաչելու Նարինե Նիկողոսյանի հայցը։ Նշենք, որ Երեւանի բնակիչ, 35-ամյա Նարինե Նիկողոսյանը Արցախի բնակիչ, 60-ամյա Էդիսոն Ադյանին մեղադրում է իր նորածնին առեւանգելու մեջ, որի առթիվ հարուցված քրեական գործը, ըստ տուժող կողմի, ապօրինաբար կարճվել է քննիչ Առաքելյանի որոշմամբ:

Վերաքննիչ բողոքի քննությունը նախագահող  դատավոր Մհեր Արղամանյանը, որը խիստ հետաքրքրված էր Նարինեի Նիկողոսյանի անչափահաս որդու ճակատագրով, իր այս որոշումը պատճառաբանեց այն հիմնավորմամբ, որ խախտվել են քրեական գործով այդպես էլ տուժող չճանաչված Նարինեի իրավունքներն ու ազատությունները: 

Նախքան որոշում կայացնելը դատավորը Նարինե Նիկողոսյանից հետաքրքրվեց, թե, այնուամենայնիվ, հնարավոր չէ՞ Էդիսոն Ադյանի հետ հաշտության գալ եւ 2-ամյա Արթուրի խնամակալությունը հանձնել նրան, քանի որ, նրա խոսքով, երեխան ապահով ձեռքերում է, եւ ցանկացած որոշում կարող է «խաթարել» նրա ճակատագիրը:

«Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր երեխայի կյանքը, ապագան: Էգուց երեխան քո մոտ լա՞վ է զգալու իրեն, թե՞ ճիշտ է, որ Էդիսոն Ադյանի մոտ մնա: Գուցե Ձեր երեխայի շահերից ելնելով՝ մի կողմ թողեք մայրական զգացմունքները եւ զոհեք Ձեզ հանուն երեխայի՝ իմանալով, որ երեխան գտնվում է խնամվող ձեռքերում, երեխան այնտեղ շատ ավելի լավ կարող է իրեն զգալ եւ վաղը քեզ չի ասի՝ դու ո՞վ ես, դու ինչի՞ եկար իմ կյանքը խաթարեցիր»,- ասաց դատավորը՝ ավելացնելով, որ իր որոշումը կախված է այս հարցի պատասխանից:

Նարինե Նիկողոսյանը վստահեցրեց, որ ինքը հաշտության չի գա մի մարդու հետ, ով իրենից խլել է իր երեխային եւ նույնիսկ գումար է առաջարկել:

«Ես չեմ ուզում, որ իմ երեխան այդ հանցագործի ու ստախոսի մոտ մնա: Ես հիմա կարող եմ իմ երեխային պահել, աշխատում եմ, իմ մորական տանը կապրենք: Ես ուզում եմ, որ իմ երեխան ինձ հետ մեծանա»,- ասաց նա:

Որոշման հրապարակումից հետո Նարինե Նիկողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչի որոշումն արդար է:

«Ես շատ ուրախ եմ, որ նման արդար որոշում կայացվեց, եւ հույս ունեմ, որ սրանից հետո ամբողջովին կբացահայվի կատարված հանցագործությունը»,- ասաց Նարինեն:

Էդիսոն Ադյանի ներկայացուցիչ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց հետագա անելիքները կորոշեն որոշումը ստանալուց եւ այն իր վստահորդի հետ քննարկելուց հետո:

Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանի խոսքով՝ իր ծանոթ բժիշկներից Հրաչ Կալուստյանն իրեն ծանոթացրել է 60-ամյա Էդիսոն Ադյանի հետ, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել իրեն հղիության ընթացքում՝ ձեռք բերելով կնոջ վստահությունը, իսկ 2013թ. հունիսի 15-ին ծննդատնից գողացել նրա նորածին որդուն։ Կնոջ պատմելով՝ երեխային գողանալուց հետո Հրաչ Կալուստյանն իրեն տարել է նոտարական գրասենյակ եւ խաբեությամբ կորզել ստորագրություն, որով Էդիսոն Ադյանը Արթուրի օրինական հայրն է ճանաչվել: Հրաչ Կալուստյանը Հայաստանից հեռացել է, իսկ Էդիսոն Ադյանը պնդում է, որ ինքը երեխայի կենսաբանական հայրն է։ Նարինեն վստահեցնում է, որ երեխայի հայրը Ադյանը չէ: Նշենք, որ Նարինեն ոստիկանություն է բողոք է ներկայացրել՝ իր երեխային առեւանգելու վերաբերյալ, սակայն քննիչները գործը կարճել են հանցակազմի բացակայության հիմքով։ Նարինեն քննիչների այս որոշումը բողոքարկող հայցով դիմել էր դատարան, որը մերժվել էր: