Հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ) ՀՀ Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում ականազերծված եւ ստուգազննված տարածքները (18 281 քմ. ընդհանուր մակերեսով) հանձնեց Սյունիքի մարզպետարանին:

Հանձնման արարողությանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Սրաշենի եւ Ներքին Հանդի գյուղապետերը, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի հրամանատարը,  «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության  ղեկավարությունը, ինչպես նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման եւ նվազեցման գրասենյակի (WRA) ծրագրերի համակարգողներ Կատիե Քոֆիեն եւ Մրֆի Մքլոյը:

Հանձնման արարողության ընթացքում մարզպետի տեղակալը իր գոհունակությունը հայտնեց  ականազերծման աշխատանքների իրականացման մասնակիցներին եւ կարեւորեց կատարված աշխատանքները՝ նշելով, որ համայնքի բնակիչներն արդեն կարող են օգտագործել  մաքրված հողատարածքները գյուղատնտեսական նշանակությամբ:

Սյունիքի մարզում ականազերծման աշխատանքներն իրականացվում են  «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության  եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի  ուժերով՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման եւ նվազեցման գրասենյակի (WRA) ծրագրերի օժանդակությամբ: