«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը երկու սենսացիոն փաստաթուղթ է հրապարակել, որոնք հերթական անգամ ապացուցում են, որ մեր պատգամավորների մի զգալի մասը կամ անմեղսունակ է եւ չի հասկանում, թե ինչի տակ կարելի է ստորագրել, ինչի տակ ոչ, կամ էլ շարքային դավաճաններ են:
Սաֆարյանը նախ ներկայացրել է 2008թ. հունիսի 24-ին Կիեւում ընդունված ԵԽԽՎ թիվ 1617 բանաձեւը՝ «ժողովրդավարական հաստատությունների գործառնությունն Ադրբեջանում» վերտառությամբ, որի տակ Հայաստանի անունից ստորագրել են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանն ու նախկին ԲՀԿ-ական, այժմ Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը:
Ըստ այդ բանաձեւի 25.1 կետի՝
«Վեհաժողովը… համարում է, որ Ադրբեջանում կայուն ժողովրդավարական զարգացումը չափազանց դժվար է լինելու, քանի դեռ չի վերականգնվել երկրի տարածքային ամբողջականությունը»: Ըստ այդմ՝ Դավիթ Հարությունյանն ու Ավետ Ադոնցը Ադրբեջանում ժողովրդավարության վիճակը պայմանավորել են տարածքային ամբողջականության խաթարմամբ: Ու դեռ Հայաստանում պետական մարմինները նեղանում են այն օտարերկրյա պաշտոնյաներից, ովքեր հայտարարում են, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Նույն այդ բանաձեւի 25.2 կետը շատ ավելի խայտառակ դրսեւորումներ է արձանագրում: «Վեհաժողովը… ուշադրություն է հրավիրում ՄԱԿ-ի գկխավոր ասամբլեայի „Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակի մասին“ բանաձեւի վրա՝ ընդունված 2008թ. մարտի 14-ին, որով լուրջ մտահոգություն է հայտնվում այն բանի կապակցությամբ, որ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ներսում եւ շուրջը ռազմական հակամարտությունը շարունակում է վտանգել միջզգային ծխաղաղությունն ու անվտանգությունը, վերահաստատում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իր աջակցությունն է հայտնում նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններին եւ պահանջում է անհապաղ դուրս բերել հայկական զորքերը օկուպացված տարածքներից»: Դե պատկերացրեք, հերիք չէ, որ Հարությունյանն ու Ադոնցն այդ տարածքներն օկուպացված են ճանաչում, դեռ հայկական կողմից էլ պահանջում են դուրս բերել զորքերը: Դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում:
Մյուս փաստաթուղթը, որ հրապարակեց Ստեփան Սաֆարյանը, 2008թ. հունիսի 9-11-ին Աթենքում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի ասամբլեայի ժամանակ հայկական կողմից ստորագրել է ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը, ընդ որում՝ դրա ստորագրմանը դեմ են եղել Ստեփան Սաֆարյանն ու դաշնակցական Արա Նռանյանը: Ըստ այդ փաստաթղթի՝ ԼՂ հակամարտությունը եւ մնացած բոլոր հակամարտությունները որակվում էին որպես ծայրահեղական (էքստրեմիստական) եւ անջատողական (սեպարատիստական):
Դե ինչ, մեկնաբանությունները ավելորդ են…



















