«Ինձ քաշքշելը դժվար է»: Այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, ըստ որի՝ Գորիսի ոստիկանապետի հետ միջադեպի պատճառով նրան ազատել են աշխատանքից:

Նա կտրականապես հերքեց տարածված լուրերը, ապա հավելեց, որ ոստիկանությունը արդեն մեկնաբանել է կադրային փոփոխությունը: Հովհաննես Սահակյանը նշեց, որ իսկապես իր ընտանիքի, ծնողների հետ մեկնել էին Արցախ, եղան Շուշիում, հիանալի ժամանակ անցկացրին: «Փառք Աստծո, տեղ ենք հասել, ինձ դժվար է քաշքշելը, ուսանողական տարիներից այս կողմ դժվար մեկը կգտնվի, որ կասի քաշքշուկի մեջ եմ ընկել, այսքանով բացառում եմ միջադեպի մասին լուրերը: Ես որեւէ կապ չունեմ Գորիսի ոստիկանապետի փոփոխության հետ, ոստիկանությունը ունի ղեկավար՝ ի դեմս Վլադիմիր Գասպարյանի, ով ինքն է որոշում իր կադրային քաղաքականությունը: Միայն նշեմ, որ ինձ հետ քաշքշելը դժվար է»,-ասաց նա:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը պարզել է, թե մի քանի օր առաջ կոնկրետ ի՞նչ պատճառով եւ ում միջնորդությամբ է աշխատանքից ազատվել ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արայիկ Դավթյանը, ով այդ պաշտոնում հասցրեց աշխատել ընդամենը մեկ ամիս: Թերթի տեղեկություններով, ազատման պատճառը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի մասնակցությամբ միջադեպն է: Վերջինս ընտանիքի հետ մեքենայով վերադառնալիս է եղել Արցախից, եւ Գորիսում չափազանց մեծ արագությամբ ընթացող մի մեքենա վերջին պահին է կարողացել խուսափել աղետալի բախումից, բայց կոտրել է Սահակյանի մեքենայի հայելին: Պարզվել է վարորդը հենց ոստիկանապետ Դավթյանն է, ով, ըստ լուրերի, խմած է եղել եւ ոչ միայն ներողություն չի խնդրել, այլ նույնիսկ քաշքշոց է հրահրել Սահակյանի հետ:Սահակյանը տեղի ունեցածի մասին տեղյակ է պահել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: