Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում աշխատանքային քննարկում է եղել Գյումրիում սպանված Ավետիսյանների գործի մասին: Մեր տեղեկություններով՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը առաջարկել է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին հրավիրել ԱԺ՝ գործի քննոյան ընթացքի մասին տեղեկանալու:
NEWS.am-ի տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամները կդիմեն հանձնաժողովի նախագահին, որպեսզի հանձնաժողովի անունից Աղվան Հովսեփյանին հրավիրեն ԱԺ՝ պարզաբանումներ ներկայացնելու: Չի բացառված, որ ՔԿ ղեկավարը ԱԺ կանչվի մինչեւ հունիսի կեսերը:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով, բայց մերժում էր ստացել:





























