«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի բացառում «Ժառանգության» համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցության հետ:
«Կարծում եմ՝ կուսակցության համագումարին այսքան մարդկանց ներկայությունը ազդակ է, որ կուսակցությունը կարող է լավ մեկնարկ ունենալ: Կարծում եմ՝ այն կլինի համագործակցային ուժ, հնարավոր կլինի համագործակցել տարբեր խնդիրների հետ կապված: Ես ինքս իշխանափոխության կողմնակից եմ, համոզմունք ունեմ, որ նմանատիպ խնդիրների լուծման համար հնարավոր կլինի համագործակցությունը: Իհարկե, ես «Ժառանգության» անունից չեմ խոսում, կուսակցությունում այդ հարցը չի քննարկվել, բայց չեմ բացառում: «Ժառանգությունը» համագործակցային քաղաքական ուժ է, եւ բոլոր այն հարցրում, որտեղ կա համախոհություն, համագործակցում ենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Հարցին՝ արդյոք հնարավոր է համարում համաժողովրդական նոր շարժման ձեւավորումը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ընդդիմադիր դաշտը հիմա շատ ակտիվ վիճակում չի գտնվում, վերագնահատումների փուլում է, բայց հետագայում ամեն տեսակի զարգացումներ հնարավոր են:
Հիշեցնենք, որ այսօր կայացած՝ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջին համագումարին ձայների մեծամասնությամբ (երկու դեմ եւ ութ ձեռնպահ) Տիգրան Ուրիխանյանն ընտրվեց կուսակցության նախագահ: Ուրիխանյանը ԲՀԿ-ն լքել էր կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո։



























