ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը կարող է լրացնել ընդդիմադիր դաշտում առաջացած «ամայությունը»: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, կուսակցության հիմնադիր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:
«Սկիզբը վատ չէր: Տիգրան Ուրիխանյանը կազմակերպված, կայացած երիտասարդ է, առողջ մտածելակերպի տեր անձնավորություն: Ամենակարևորն այն է, որ կարողանա կայացնել: Սա դեռ կայացում չէ, սա առաջի քայլն էր, դեռ պետք է ճանապարհ անցնի: Բացի այդ՝ հաշվի անելով, թե ինչ եղավ փետրվարին, ինչպես եռյակի պայքարը տապալվեց եւ ընդդիմադիր դաշտը մի տեսակ ամայացավ, հիմա հնարավորություն կունենան լրացնել այդ բացը»,- ասաց Արագած Ախոյանը:
Արագած Ախոյանը նշեց, որ ինքը կաջակցի կուսակցության առաջարկած ծրագրերի իրականացմանը, բայց երբեք չի անդամագրվի ոչ դրան, ոչ մեկ այլ կուսակցության:
«Ես անկուսակցական պատգամավոր եմ և իմ որոշումների պատասխանատուն ես եմ, չեմ ուղղորդվում որևէ իշխանական կամ ընդդմադիր ուժի կողմից: Եթե լավ բան տեսնեմ, չեմ ասում, որ կանդամագրվեմ, բայց ամեն ինչ կանեմ, որ այդ ծրագիր իրականանա»,- ասաց Արագած Ախոյանը:
Հիշեցնենք, որ այսօր կայացած՝ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջին համագումարին ձայների մեծամասնությամբ (երկու դեմ եւ ութ ձեռնպահ) Տիգրան Ուրիխանյանն ընտրվեց կուսակցության նախագահ: Ուրիխանյանը ԲՀԿ-ն լքել էր կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո։



























