Քաղաքապետարանի կողմից համակարգվող ծառերի գարնանային լայնածավալ էտումները մասնագիտական ոչ ճիշտ  մոտեցմամբ են իրականացվում: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրային քննարկմանն ասաց մասնակիցներից Արթուր Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ քաղաքապետարանն իր այս գործողության համար պետք է պատասխանատվության ենթարկվի, քանի որ էտման վերաբերյալ ներկայացված հիմնավորումներն արժանահավատ չեն:

«Սա ճիշտ մոտեցում չէ, իրենց պետք է պատասխանատվության կանչել: Պետք է դիմել իրավապահ մարմիններին կամ դատարան, իրենց ներկայացված տվյալներն արժանահավատ չեն:Հիվանդ ծառերը փոխանակ սրսկեն, բռնում միանգամից կտրում են»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Մայրաքաղաքի ծառերի խորը էտման վերաբերյալ քննարկման մասնակիցը նաեւ նշեց, որ անհրաժեշտ է քաղաքապետարանից հաշվետվություն պահանջել, որով կերեւա, թե էտված ծառերից ստացված վառելանյութը ինչպես է իրացվում:

Երեւանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ծառերի զանգվածային էտումն օրինական է, սակայն, նրա խոսքով, դա ճիշտ չի իրականացվում: «Ես ծառերի էտումն օրինական եմ համարում, անօրինական կլիներ, եթե դա արվեր ապօրինի ձեւով: Այլ հարց է, թե արդյոք դա ճիշտ է կատարվում: Մասնագետների մի մասը պնդում է, որ սխալ է կատարվում էտը, իսկ քաղաքապետարանը հիմնավորում է, որ այդ էտումները ճիշտ են կատարվում: Եթե կոնկրետ իմ կարծիքը ասեմ, ապա, ամեն դեպքում, ես սխալ եմ համարում, որ այդ հսկայական թվով ծառեր անհիմն կերպով զրկում են սաղարթից եւ Երեւանը զրկում են կանաչ զանգվածից»,- ասաց Սիլվա Այվազյանը՝ ավելացնելով, որ իրենց կենտրոնը կրկնակի հարցում է ուղարկելու քաղաքապետարան ծառերի էտումների վերաբերյալ եւ առաջիկայում նախատեսում է, հաշվել էտված ծառերի քանակը Երեւանի մասշտաբով:

«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհուրդի անդամ Լեւոն Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի այն հիմնավորումները, թե խորը էտվող ծառերը հնարավոր չէ վերականգնել, քանի որ դրանք հիվանդ են, իրեն՝ որպես քաղաքացու չեն բավարարում:

Լեւոն Գալստյանի խոսքով եւս՝ ծառերի էտումը ոչ մասնագիտորեն է իրականացվում: 

«Ծառերի խորը էտման պատճառով ինձ քաղաքի էսթետիկական եւ էկոլոգիական վիճակը չի բավարարում, չի բավարարում նաեւ քաղաքապետարանի եւ վարչական շրջանի հիմնավորումները էտի կատարման առնչությամբ: Ի վերջո կարելի է մի քիչ խելամտորեն եւ տրամաբանորեն մոտենալ այս հարցին: Եթե խորը էտ պետք է, թող ծառերը շախմատաձեւ էտեն, ոչ թե ամբողջ փողոցը ծայրից ծայր էտեն եւ ամբողջովին կանաչ զանգվածից զրկեն: Եթե իրենք համոզված են, որ այդ թեղիններն այնքան հիվանդ են եւ վնասված, որ դրանք վերականգնելը հնարավոր չէ, գոնե այս 5 տարիների ընթացքում դրանց արանքում ավելի նոր եւ քաղաքային պայմաններին համապատասխան ծառատեսակներ թող տնկեին»,- ասաց նա:

Լեւոն Գալստյանն ավելացրեց, որ «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհուրդը ծառերի խորը էտման վերաբերյալ հարցում է ուղարկելու քաղաքապետարանի Բնապահպանության վարչություն, որտեղից ստացված պատասխաններից է կախված, թե հետագայում իրենք ծառերը փրկելու ինչ առաջարկություններով հանդես կգան:

Նշենք, որ վերջին շրջանում NEWS.am-ը բազմիցս է անդրադարձել Երեւանում բնապահպանության ոլորտում կատարվող չարաշահումներին ու ապօրինություններին, քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության եւ նրա պետ Ավետ Մարտիրոսյանի ոչ կոմպետենտ աշխատանքին, ինչպես, օրինակ, «Ոսկու շուկայի» մոտ գտնվող հաստաբուն ծառերը կտրելու դեպքին: Ինչեւէ, փորձը ցույց է տալիս, որ Երեւանի կանաչ տարածքները եւ ծառերը պաշտպանելու համար ահազանգերը, մեկնաբանությունները, քննադատությունները անօգուտ եւ անարձագանք են, ոչ ոք չի պատժվում, իսկ կանաչ տարածքները շարունակում են ոչնչացվել համապատասխան պաշտոնյաների ձեռամբ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am