Հայաստանյան դատարանները երբեմն այնպիսի անհեթեթ վճիռներ են կայացնում, որ անգամ իրավապահներն են ստիպված լինում ընդունել դատարանի կատարած ապօրինությունները:
Մասնավորապես, գլխավոր դատախազությունից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ Վերաքննիչ քրեական դատարանն ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Շամշյանին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար դատապարտել էր 350.000 դրամ տուգանքի: Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մհեր Արղամանյանի նախագահությամբ, անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Օրեր անց, սակայն, Շամշյանին կրկին կանչել էին Վերաքննիչ քրեական դատարն եւ նրա նկատմամբ համաներում էին կիրառել: Ընդ որում, Շամշյանը հանգամանալից կերպով դատավորներին բացատրել էր, որ հրաժարվում է համաներումից, ավելին իր նկատմամբ օրենքով չի կարելի համաներում կիրառել, քանի որ ԱԺ հունիսի 19-ի «Համաներման մասին» որոշման մեջ հստակ գրված է, որ համաներում չի կիրառվում այն անձանց նկատմամբ, ում նկատմամբ արդեն կիարռվել է վերջին 10 տարվա ընթացքում: Շամշյանի նկատմամբ դեռ 2007թ. քր.գործ էր հարուցվել եւ նրան այն ժամանակ համաներել էին:
Ինչեւէ, Վերաքննիչի դատավորների եռյակը բառացի հայտարարել էր. «Շուխուռ մի արա, մենք քեզ լավություն ենք անում» ու խախտել օրենքը: Շամշյանը բողոք էր ներկայացրել գլխավոր դատախազին եւ արդարադատության նախարարին, եւ երեկ ստացել է պատասխանը գլխավոր դատախազի տեղակալի ստորագրությամբ:
«Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Շամշյանի նկատմամբ համաներում կիրառելու մասին անհիմն է, առանց օբյեկտիվ հիմքերի։ Արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որ ազդել է գործի ելքի վրա, խաթարել արդարադատության բուն էությունը։ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման»,- նշված է փաստաթղթում, ըստ որի՝ վերաքննիչ դատարանի դատավորների գործողությունները քննության են առնվելու Վճռաբեկ դատարանի վարույթում։ «Որպես քաղաքացի ես ոնց հավատամ այդ դատավորների կայացրած արդարադատությանը: Ասում են, թե լավություն են անում, բայց ինձ լավություն պետք չի, թող արդար վճիռներ կայացնեն: Սրանք այն դատավորներն են, որ մարտի 1-ի գործերով ապօրինի վճիռներ են կայացրել Դավիթ Մաթեւոսյանի, Սափեյան եղբայրների, Հարություն Ուռուտյաննի. Վարդան Ջհանգիրյանի եւ այլոց գործերով: Եթե իշխանությունները խելոք լինեն, պիտի այս դատավորներին պատասխատավության կանչեն»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Շամշյանը:




























