Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով թափառող կենդանիների ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել միջազգային փորձն ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների դիտարկումները եւ ներկայացնել առաջարկների ընդհանուր փաթեթ:
«Երեւան քաղաքում թափառող կենդանիների խնդիրը շարունակում է մնալ օրակարգում: Ինչպես կենդանասերների, այնպես էլ քաղաքապետարանի հետաքրքրության շրջանակում է այս հարցին շուտափույթ եւ վերջնական լուծում տալը: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ այս խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է ծավալուն մոտեցում՝ սկսած օրենսդրական կարգավորումներից մինչեւ հասարակության շրջանում համապատասխան մշակույթի ձեւավորում: Ուստի համագործակցությունը պետք է լինի բոլոր շահագրգիռ կողմերի, ինչպես նաեւ ոլորտի խնդիրներով հետաքրքրված միջազգային եւ տեղական կազմակերպությունների միջեւ: Թափառող շների զանգվածային ստերջացման ծրագիրը, ինչպես նաեւ մեծ քանակությամբ կացարանների կառուցումը, պահանջում է զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը հնարավոր չէ իրականացնել քաղաքային բյուջեի շրջանակում: Ընդ որում, պետք է հաշվի առնել մայրաքաղաքի օրակարգային այլ խնդիրները, որոնք հրատապ միջոցներ եւ լուծումներ են ակնկալում: Բացի այդ, միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ միայն թափառող շների ստերջացմամբ հարցը չի կարող վերջնական լուծում ստանալ: Անհրաժեշտ է օրենսդրական մոտեցումներով կարգավորել նաեւ ընտանի կենդանիների խնամքի, բազմացման, նաեւ կենդանիների առեւտրի ոլորտը: Բացի այդ, մայրաքաղաքում անհրաժեշտ է ընտանի կենդանիների զբոսանքի համար համապատասխան վայրեր ստեղծել, ինչը եւս մեծ ներդրումներ եւ բազմակողմանի լուծում պահանջող խնդիր է: Հետեւաբար, այս ուղղությամբ հանդես բերեք նախաձեռնողականություն եւ փորձեք ներգրավել միջազգային ներդրումներ՝ խնդրի հնարավոր լուծման նպատակով»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:




























