Ուկրաինան մտադիր է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից (ICAO) Ռուսաստանին հեռացնելու մասին հայտ ներկայացնել՝ ռուսական ավիաընկերությունների կողմից ուկրաինական օդային տարածքը խախտելու համար: Այս մասին ասված է «Գրավյալ Ղրիմում մարդու իրավունքների մեխանիզմը» հաշվետվությունում, որը Facebook-ի իր էջում հրապարակել է «Ազգային ճակատ» խմբակցության պատգամավոր Գեորգի Լոգվինսկին:
«Ուկրաինան Ռուսաստանի դեմ բողոք է ներկայացրել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ICAO) ու միջազգային ծովային արբիտրաժ: Բողոք ներկայացնելու պահին ռուսական ընկերությունների կողմից մեր օդային տարածության խախտման ավելի քան 3360 փաստ է արձանագրվել: Ամեն օր շուրջ 1 մլն դոլարի տուգանք. բողոքը նախատեսում է այդ կորուստների փոխհատուցում»,- ասված է փաստաթղթում:
Ըստ «112 Ուկրաինա»-ի, փաստաթղթի համաձայն, հաջորդ փուլը լինելու է ICAO-ից Ռուսաստանին հեռացնելու մասին հայտարարության փոխանցումը: «Որպես իրավական հետեւանք՝ ռուսական ընկերություններն իրավունք չեն ունենա թռիչքներ իրականացնել ICAO-ի անդամ պետությունների տարածքի վրայով: Նման գործընթացներ անցկացվում են նավահանգիստների նկատմամբ»,- ասված է հաշվետվությունում:





























