Հայ-թուրքական հարաբերություններում լռությունը դեռ շարունակվում է: Այդ լռության սկիզբը դրվեց այս տարի ապրիլի 22-ի գիշերը Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ եւ ճանապարհային քարտեզի ընդունմամբ: Լռությունը մերթ ընդ մերթ խախտում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որն ամեն անգամ կրկնում է գրեթե նույն բառերը. «Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, տարածաշրջանում պերք է խաղաղություն լինի»: Ինչպես ցույց է տալիս ժամանակը, այս խոսքերը ասվում են ուղղակի ասելու համար եւ գործնական ոչինչ Թուրքիան չի ձեռնարկում: Բացի այդ, Ահմեդ Դավութօղլուն չի վարանում բացահայտ ակնարկելուց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է ղարաբաղյան խնդրի լուծման հետ: Սակայն հայտնի է, որ ղարաբաղյան խնդրի լուծումը չի տեղավորվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում:
Մոտենում է հոկտեմբերը, այն ամիսը, երբ Թուրքիայի Բուրսա քաղաքում պետք է տեղի ունենա ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Թուրքիա-Հայաստան պատասխան ֆուտբոլային խաղը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկու երկրների ֆուտբոլային խաղը դիտելու համար Երեւան ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հրավիրել է Հայաստանի նախագահին Թուրքիա՝ պատասխան խաղը դիտելու նպատակով: Սակայն Անկարան՝ զգալով, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի սառեցման հետեւանքով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարող է չմեկնել Թուրքիա, սկսել է բոլորի ուշադրությունը հրավիրել այլ բանի վրա: Տվյալ դեպքում խոսքը Վանա լճի Աղթամար կղզում գտնվող ս. Խաչ եկեղեցու մասին է: Սուրբ Խաչի վրա խաչ տեղադրված չէ, եւ այն գործում է որպես թանգարան: Թուրքական իշխանությունները, կարծես թե այս հանգամանքը պահել են որպես պահեստային տարբերակ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սառեցման պայմաններում այն որպես խաղաքարտ օգտագործելու նպատակով:
Վանի Աղթամար կղզու ս. Խաչ եկեղեցի այցելած Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշի հայտարարությունը զարմացրել է բոլորին: Մասնավորապես, նա առաջարկել է մինչ Թուրքիա-Հայաստան խաղը, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կժամանի Թուրքիա, Աղթամարի ս. Խաչ եկեղեցու վրա խաչ տեղադրել, եւ այն վերաբացել կրոնական արարողությունների համար: Վանի Աղթամար կղզուց վերադառնալիս, Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը ասել է. «Աթենքում մի մզկիթ տեսա, որը կողպված էր: Դրանից շատ նեղվեցի ու հիմա նույնպես նեղվեցի, երբ տեսա Աղթամարի եկեղեցին այս վիճակում: Ինչ ցավալի է, այնպես չէ: Մի՞թե Աղթամարը այս հողերի հարստությունը չէ: Եվրոպայում մզկիթներ են բացում որպես աղոթատեղի, ի՞նչ է լինում: Իսկ Աղթամարում ինչո՞ւ է արգելված։ Այս ի՞նչ վիճակ է։ Փակել հայկական սահմանը, արգելել քրդերենը, դե հույներն էլ վատն են: Տարիներով սարսափ ֆիլմի մեջ ենք ապրել: Կոմունի՞զմ է գալիս՝ փակեք սովետական սահմանը, ֆունդամենտալի՞զմն է գալիս՝ փակեք Իրանի հետ սահմանը, ահաբեկչությո՞ւն կա՝ Սիրիայի սահմանին ականներ տեղադրեք, հայկական պահանջատիրությո՞ւն կա, փակեք Հայաստանի սահմանը: Լավ այսպես ու՞ր ենք գնալու: Ահա այսպես է ազգը փակվում աշխարհի առաջ: Ես հենց Վանա լճի կենտրոնում տեսա, թե ինչպես է ազգը իր պատմությունը եւ հարստությունը գազանաբար ոչնչացնում: Կարծում եմ, ես տեսա երկար տարիներ փնտրվող Վանա լճի հրեշին: Այո, այդ երեւակայական հրեշը մենք ենք, քանի որ տարիներով մեր ազատությունը, հավատքը, հարստությունները, պատմությունը ոչնչացնում ենք, այն էլ դաժանաբար»:
Այս ուղերձը լիովին հասկանալի է. միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի սառեցումից: Սակայն Հայաստանում իրավիճակը ճիշտ գնահատվեց եւ համարժեք պատասխան եղավ: Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Սերբիայի նախագահի հետ մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Թուրքիա կմեկնի բաց սահմանների դեպքում կամ ապաշրջափակման նախաշեմին:
Սրանից շատ չանցած Թուրքիայի Մշակույթի եւ տուրիզմի նախարարը՝ շրջելով Թուրքիայի կենտրոնական շրջաններով, հանդես է եկել Թուրքիայում գտնվող պատմական նշանակություն ունեցող արժեքների հետ կապված հայտարարությամբ։ Նա անդրադարձել է Թուրքիայում առկա տարբեր քաղաքակրթությունների թողած մշակութային ժառանգության պահպանմանը, մասնավորապես՝ նշելով. «Մշակույթը չի լինում մահմեդական, հայկական, հունական։ Դրանք բոլորը Անատոլիայի հարստությունն են, եւ մեր արժեքները։ Դրանց պետք է տեր կանգնենք, պահպանենք, այնուհետև ցույց տանք զբոսաշրջիկներին։ Սելջուկյան, Օսմանական եւ այստեղ ապրած մյուս բոլոր քաղաքակրթությունների մնացորդները՝ մերն են»։
Իսկ արդեն օգոստոսի կեսերին Վանի Աղթամար կղզի եւ ս. Խաչ եկեղեցի է այցելել Թուրքիայի մեկ այլ պետնախարար՝ Ջեւդեթ Յըլմազը: Նա նշել է, որ Աղթամարի եկեղեցին հայերի համար շատ կարեւոր է եւ վերանորոգումից հետո այն դարձել է ավելի գեղեցիկ եւ հարմար այցելության համար։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե եկեղեցին կրոնական արարողությունների համար բացելու խնդրում ձեր կարծիքն ինչպիսին է, պետնախարար Ջեւդեթ Յըլմազը պատասխանել է, որ այս խնդրում որեւէ ուսումնասիրություն չկա եւ պետք է նայել պայմաններին եւ իրավական կարգավիճակին։ «Թուրքիայի Հանրապետությունը աշխարհիկ երկիր է եւ բոլոր կրոնները պետությունից հավասար հեռավորության վրա են գտնվում։ Դրա համար բոլոր կրոնների հանդեպ էլ մեր հարգանք ունենք։ Այս իմաստով որեւէ խնդիր չունենք»,- նշել է Թուրքիայի պետնախարար Ջեւդեթ Յըլմազը:
Ինչպես երեւում է Թուրքիան միտումնավոր մեծացնում է հետաքրքրությունը Վանի Աղթամար կղզու եւ սուրբ Խաչ եկեղեցու հանդեպ: Այսինքն սրանով թուրքական կողմը փորձում է հետին պլան մղել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ այս տարվա ապրիլի 22-ին ստանձնած պարտավորությունների կատարարումը: Իհարկե լավ է, որ վերջապես թուրքական իշխանությունները ընդունել են, որ Աղթամարի ս. Խաչ եկեղեցին պետք է խաչ ունենա եւ գործի որպես եկեղեցի եւ ոչ թե՝ թանգարան: Բայց այս ամենը չպետք է դառնա սակարկության առարկա եւ որպես այընտրանք առաջարկվի Հայաստանին, որով Թուրքիան փորձում է խուսափել Հայաստանի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից:
Անդրանիկ Իսպիրյան



















