«Այս ամառ էլ Հարավկովկասյան երկաթուղիների (ՀԿԵ) գնացքներով Վրաստանի ծովափնյա քաղաքաներ մեկնող հայ զբոսաշրջիկները տհաճ անակնկալի են բախվել: Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ գնացքի միեւնույն կուպեի տոմսերը միաժամանակ մի քանի հոգու են վաճառել, եւ այս մասին մեկնողները տեղեկացել են մեկնումից մի քանի րոպե առաջ»,-կարդում ենք «Առավոտի» օգոստոսի 3-ի համարում: Այս կապակցությամբ թերթը մի քանի բողոք է ստացել եւ այդ բողոքների հետ կապված պարզաբանում է խնդրել ՀԿԵ լրատվության բաժնից: Այդտեղից ահա թե ինչ են ասել. «Այս տարի էլ եղան դեպքեր, երբ սխալմամբ նույն վագոնի նույն տոմսերը միաժամանակ տարբեր անձանց վաճառեց, նման դեպքեր գրանցվել են, բայց քանի որ դրանք ավանդաբար չեն կրկնվում, հիմա կդժվարանանք տեղեկացնել, թե քանի նման դեպք է գրանցվել, դրանք բացառություններ են, որոնք կապված են զուտ տեխնիկական խնդիրների հետ, եւ տեղում այդ հարցերը շտկվում եւ լուծվում են:
Ամեն դեպքում, կարեւորն այն է, որ ովքեր տոմսեր են գնել, մեկնել են Բաթում կամ Քոբուլեթի: Բանն այն է, որ թե անցած, թե այս տարի չհասցրինք կազմակերպել տոմսերի էլեկտրոնային վաճառք, տոմսերը տեղում լրացվում են տոմսավաճառների կողմից, հին մեթոդով՝ ձեռքով: Շատերին թվում է, թե, պարզապես կարելի է այնտեղ տեղադրել համակարգիչներ, եւ այս գործողությունները կատարել համակարգչով, եւ այսկերպ խնդիրը կվերացվի, բայց դա այդպես չէ: Այս պահին մի ռուսական ընկերության հետ համաձայնության ենք եկել, որ մյուս ամառ կարողանանք համապատասխան ծրագիր ունենալ, որը հնարավորություն կտա մի քանի անգամ հեշտացնել տոմսերի լրացումը, եւ, բնականաբար, նոր ծրագրի շնորհիվ բոլոր խնդիրները կվերացնենք: Սա լուրջ ծրագիր է, որը մշակվել է ռուս մասնագետների կողմից ու արժե 400 հազար դոլար»: Լրատվության բաժնից նաեւ բացառել են, որ 4 հոգու համար նախատեսված կուպեում ավելի թվով մարդկանց են առաջարկել տեղավորվել: «Բացառվում է, նման բան չի կարող լինել»,-հայտնել են թերթին:




























