Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, «Օլիմպիական համերաշխություն» կազմակերպության ծրագրի շրջանակներում նոր նախաձեռնությամբ է հանդես եկել:
ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանում իրականացվում է ազգային մարզական համակարգի զարգացման եռափուլ ծրագիր:
Առաջին մասնակիցները եղել են Հայաստանի բադմինթոնի մասնագետները:
Երեւանի «Կիլիկիա» մարզասրահում անցկացված մասնագիտական դասընթացին մասնակցել են Երեւանի,Գյումրիի, Վանաձորի եւ Իջեւանի 17 մարզիչ-մանկավարժներ: Հրավիրված էին նաեւ տարբեր տարիքի 20-ից ավելի մարզիկ-մարզուհիներ:
Տեսագործնական պարապմունքները վարել է միջազգային ֆեդերացիայի մարզաձեւի զարգացման տնօրեն, գերմանացի Գյունտեր Հուբերը:
Ուսումնասիրելով բադմինթոնի ընդհանուր վիճակը Հայաստանում, Գ. Հյուբերը համապատասխան գիտելիքներ է հաղորդել ունկնդիրներին,նրանց ծանոթացրել մարզաձեւի նորություններին եւ փոփոխություններին:
Սեպտեմբերին նախատեսված է անցկացնել երկրորդ, իսկ դեկտեմբերին` երրորդ փուլը: Կստուգվեն կատարված աշխատանքները,կքննարկվեն, կշտկվեն բացթողումները, կկազմակերպվեն այցելություններ մարզեր, տեղում բադմինթոնը զարգացնելու համար: Պատասխանատուն Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանն է, իսկ Հյուբերի ընտրությունը կատարել է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, բուլղարահայ Բյուզանդ Կասաբյանը:




























