Տրաբզոնի (Թուրքիա) օդակայանի մաքսային հսկիչ կետն անցնելու ժամանակ Դոնի պատվիրակության հոգեւորականներին ստիպել են հանել եկեղեցական հագուստը եւ նույնիսկ պահանջել են հանել ուղղափառ խաչերը,- հաղորդում է DONTR.ru-ն։ Բացի այդ, ուխտավորներին, որոնք Աստվածածնի վերափոխման տոնի կապակցությամբ ուղեւորվում էին Տրաբզոնում գտնվող Պանագեյա Սումելա մենաստան, արգելել են նաեւ փողոց դուրս գալ հոգեւորականի հագուստով։

Հարկ է նշել, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ բարձր մակարդակով նախնական բանակցությունների ընթացքում հաստատվել է ուխտավորների ժամանման ծրագիրը. այն է՝ այցելություն Պանագեյա Սումելա մենաստան, հանդիսավոր ճաշկերույթ, գեղարվեստական խմբերի ելույթներով ուղեկցվող տոնակատարություն։ Սակայն ելույթ ունեցողների երաժշտական սարքավորումը, գործիքներն ու բեմական հագուստները նույնպես հայտնվել են արգելքի տակ։ Ըստ հոգեւորականների, որոնք ամեն տարի կատարում են այդ ուխտագնացությունը, նման ընդունելության նրանք հանդիպել են առաջին անգամ եւ նախկինում նման խնդիրներ չեն ծագել։ Դոնի պատվիրակները տեղի իշխանությունների այդ որոշումը բնութագրել են որպես ուղղափառ հոգեւորականների պատվին ու արժանապատվությանն ուղղված վիրավորանք։