Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում մայիսի 30-ին լուսանկարչական ցուցահանդես կբացվի՝ «Ցեղասպանության 100-րդ տարելից. Ուրուգվայն ու հայերը պատմություն են կերտում» խորագրով: Մոնտեվիդեոյի Լուսանկարչական կենտրոնում բացվող ցուցահանդեսը կտեւի մինչեւ օգոստոսի 26-ը:

Ըստ Prensa Armenia գործակալության, ցուցադրությունը նախաձեռնել են Մոնտեվիդեոյի քաղաքապետարանը, Լուսանկարչական կենտրոնը, Ուրուգվայի Հայկական մշակութային ասոցիացիան եւ Հայկական Բարեգործական ընդհանուր միությունը:

Լուսանկարների եւ ներգաղթյալ ընտանիքների տրամադրած պատմական փաստաթղթերի միջոցով ներկայացվելու է Ուրուգվայի հայ համայնքի գրեթե 100-ամյա պատմությունը:

«1965 թվականին Ուրուգվայն առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 50 տարի պահանջվեց, որպեսզի այլ պետություններ նույնպես իրենց ձայնը բարձրացնեն ի պաշտպանություն հայ ժողովրդի՝ այդպիսով պաշտպանելով արդարության եւ մարդասիրության իդեալները»,- հավելել են կազմակերպիչները: