Հակոբյանների կողմից Վճռաբեկ դատարան դիմելն իրենց իրավունքն է, այլ հարց է՝ ինչքանով է իրավասու վճռաբեկ դատարանը լուծել իրենց կողմից բարձրացված իրավական հարցերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ Հակոբյանների՝ Վճռաբեկ դատարան դիմելուց հետո առաջին ատյանի դատարանի դատավճիռը որոշ ժամանակ չի մտնի ուժի մեջ, բայց չի կարծում, թե դա երկար կտեւի: «Ես համոզված եմ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունի տուժողների բողոքը, քանի որ բարձրացրած հարցերը Վճռաբեկ դատարանի լուծելու իրավասության սահմաններում չեն, այնտեղ չկա որեւէ հարց, որը պետք է հանգեցնի օրենքի միատեսակ կիրառությանը, իսկ եթե նման հիմքեր չկան, ապա վճռաբեկ դատարանը այս գործով անելիք չունի»,-ասաց փաստաբանը: Ինչ վերաբերում է Տաթեւիկ Հակոբյանի բուժումը կազմակերպելու համար Հակոբյանների առաջարկած եռակողմ պայմանագրին, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ եռակողմ, քառակողմ պայմանագիր կնքելու կարիք չկա: «Սա տարրական խնդիր է, անգամ իրավաբան պետք չէ լինել՝ հասկանալու համար հարցը: Վարդանը առաջարկել է, որ Տաթեւիկը գնա բուժվի իր կողմից նախընտրած հիվանդանոցում, իսկ ինքը կվճարի: Վարդան Պետրոսյանն ինձ լիազորել է այդ հարցը լուծել, և ես իր լիազորագրի հիման վրա լուծել է այդ հարցը: Ինչ եռակողմ, քառակողմ պայմանագրի մասին է խոսքը, որևէ պայմանագիր այլևս կնքելու կարիք չկա: Տաթեւիկ Հակոբյանը կարող է միայն պայմանագիր կնքել հիվանդանոցի հետ, իսկ Վարդանը գրավոր պարտավորվել է վճարել Տաթևիկի բուժման համար: Իմ կարծիքով՝ նման հարցը ոչ թե պետք է մամուլով քննարկվեր, այլ երկու կողմերը պետք է իր մեջ լուծեն: Եթե մեր առաջարկությունը տուժողները ընդունել են և Ձեր կայքին տրված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա Տաթևիկը պետք է դիմեր հիվանդանոցին և անցնեին հետազոտություն: Ես կճշտեմ այդ փաստը, բայց արդեն դարձել է կանոն, որ պարոն Ռուբեն Բալոյանի ասածները չեն հաստատվում: Բայց ես ևս մեկ անգամ կստուգեմ իր ասածները: Չեմ հասկանում՝ ինչ ձեւականության մասին է խոսքը, եթե Վարդանը հայտարարում է, գրավոր փաստաթուղթ է ստորագրում, որ գնացեք բուժվեք, ես՝ կվճարեմ: Կարող է մեկը բացատրել՝ էլ ինչ պետք է անի նա, որ չի արել»,-նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման: Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը, սակայն Վերաքննիչը անփոփոխ էր թողել վճիռը: