Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանի պայթյունի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Արմեն Հակոբյանի վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության կենտրոնի ղեկավար Նորայր Դավիդյանը:
Նա շեշտեց, որ Ճոյտի որդու՝ Արմեն Հակոբյանի վիճակը եւս կայուն է, թեեւ դեռ վերակենդանացման բաժանմունքում է: Իսկ գազալցակայանի աշխատակցին՝ Արթուր Գասպարյանին, արդեն տեղափոխել են բաժանմունք:
Նախկին պատգամավորի որդին ու եղբայրը հետագայում, երբ վիճակը կայունանա՝ 10 օր անց, մի քանի պլաստիկ վիրահատությունների պիտի ենթարկվեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում մայիսի 25-ի առավոտյան, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է: Պայթյունը նախնական տվյալներով առաջացել է կոմպրեսորային կայանից,, որի հետեւանքով պայթել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Մեքենան պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին գտնվող Հակոբ Հակոբյանի եղբայրը եւ որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:
Նշենք, որ գազալցակայանը, ըստ մեր տեղեկությունների, պատկանում Հակոբ Հակոբյանին, այն 2-3 տարի է՝ փորձաքննություն չի անցել եւ վերջին անգամ՝ մոտ 2 շաբաթ առաջ տուգանվել է 1մլն դրամի չափով: Վիրավորներին տեղափոխել էին «Վաղարշապատի» ԲԿ, որտեղից էլ Երեւան:





























