Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչության նախկին ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերի՝ ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանը մասնակցության կասկածանքով ձերբակալությունը կառավարության կողմից փորձ է՝ հանրության ուշադրությունը շեղելու պետական այն պաշտոնյաներից, որոնք իսկապես մեղավոր են: Այս մասին հայտարարել է կասկածյալի փաստաբան Հյուսեին Աթաոլը:

«Today's Zaman»-ին տված հարցազրույցում փաստաբանը նշել է, որ մեղադրելով իր պաշտպանյալին՝ ազգային ոստիկանության հետախուզության ղեկավար Էնգին Դինչը հույս ունի շեղել հանրությանը սպանությանն իր մասնակցությունից: Հրանտ Դինքի սպանության ժամանակ Դինչը Տրապիզոնի հետախուզության ղեկավարն է եղել:

«Գլխավորապես պատասխանատու են ազգային ոստիկանության հետախուզության նախկին ղեկավար Սաբրի Ուզունը եւ ներկա ղեկավար Դինչը: Դինքի ընտանիքը խնդրել է, որպեսզի նրանց դատապարտեն, եւ այդ պահանջը սատարել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը՝ 2010 թվականի որոշմամբ»,- ասել է Աթաոլը:

Փաստաբանի խոսքով, Յըլմազերին Դինքի սպանության հետ կապելու՝ կառավարության փորձը, նրան Գյուլենի շարժման հետ կապելու ձգտումն է, որպեսզի այդ շարժումը ներկայացնեն որպես զինված ահաբեկչական կազմակերպություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ոստիկանության նախկին ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը, որն արդեն կալանավորված է մեկ այլ գործի շրջանակում, երկրորդ անգամ է ձերբակալվել՝ Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակում:

Ավելի վաղ Յըլմազերը հայտարարել է, որ չի կարող պատասխանատվության ենթարկվել Դինքի սպանության համար, քանի որ միջադեպի ժամանակ նույնիսկ չի ծառայել Ստամբուլում:

Հիշեցնենք, որ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 17-ին, թերթի խմբագրության շենքի առջեւ: