Սինգապուրում ոստիկանները անվտանգության հարցերով ֆորումի գոտու մոտակայքում սպանել են մի տղամարդու եւ ձերբակալել  եւս 2-ին:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով  Reuters գործակալությունը, ֆորումի մասնակցիները, որոնց թվում՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, հավաքավել էին Shangri-La հյուրանոցում, իսկ հյուրանոցից քիչ հեռու կանգ էր առել Subaru Impreza մի մեքենա, որի մեջ եղել է 3 մարդ: Երբ վարորդին խնդրել են բացել մեքենայի բեռնախցիկը, նա մեքենայով դիմել է փախուստի: Ոստիկանները կրակ են արձակել մեքենայի ուղղությամբ:

34-ամյա վարորդը մահացել է տեղում, իսկ 2 ուղեւորները ձերբակալվել են: Նրանցից մեկի մոտ սպիտակ փոշի են գտել: Զենք եւ զինամթերք չի հայտնաբերվել:

Պարզվել է, որ վարորդն ու նրա ուղեւորները հետախուզվում էին տարբեր հանցագործությունների համար: