Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստերի հետ համագործակցելու եւ ռազմական հանցագործություններ գործելու մեջ կասկածվող ավելի քան 130 մարդ ԱՄՆ իշխանություններից 20.2 մլն դոլար են ստացել որպես սոցիալական վճար: Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ սոցիալական ապահովության վարչության զեկույցը:
Զեկույցը կազմվել է Associated Press-ի անցկացրած հետաքննությունից 7 ամիս անց: 2014թ. հոկտեմբերի 20-ին գործակալությունը տեղեկություններ էր հրապարակել, որոնց համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները սոցիալական վճարների դիմաց երկրից աքսորել են նացիստական հանցագործներին: Այն ժամանակ վարչությունը հրաժարվել էր ներկայացնել գումարի հստակ չափը:
Վճարների մեկ քառորդը՝ 5.7 մլն դոլար, վճարվել էր այն անձանց, որոնց մասնակցությունը նացիստական հանցագործություններին ապացուցված է եղել, եւ որից հետո նրանց վտարել են ԱՄՆ-ից: 14 մլն դոլար էլ վճարվել է այն մարդկանց, որոնք օգնել են նացիստներին Հոլոքոստի ժամանակ, գրում է Lenta.ru-ն:
Ինչպես հայտնել էր գործակալությունը, 1979թ.-ից ի վեր՝ առնվազն 38 ենթադրյալ ռազմական հանցագործ սոցիալական վճարների տեսքով միլիոնավոր դոլարներ են ստացել: Նրանցից 4-ը մինչ օրս ԱՄՆ արդարադատության նախարարության միջոցներով ապրում են Եվրոպայում:





























