Երեւանում հունիսի 1-ին մեկնարկել է «Տիկնիկներ՝ հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթը եւ տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը։ Հայկական եւ արտասահմանյան պատվիրակությունները՝ վառ հագուստներով, խամաճիկները ձեռքներին,  հավաքվել են Հյուսիսային պողոտայում։ Հյուրերին դիմավորել են աղուհացով։ Երգեհոնի նվագակցությամբ երթը շարժվել է դեպի Կարապի լիճ, որտեղ տեղի կունենա տոնական ներկայացում։ (ֆոտոռեպորտաժ)

Պաշտոնական բացումը կկայանա ժամը Հովհաննես Թումանյանի անվան թատրոնում։

Երթի մեկնարկը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին, իսկ ակցիան՝  Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Հայաստանի նախաձեռնությանը միացել են 95 երկրների UNIMA ազգային կենտրոնները։

Երեւանում երթը կշարունակվի մինչեւ հունիսի 7-ը։Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն, որին մասնակցում են 11 երկրների՝ Իրանի, Իսրայելի, Իտալիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Նիդերլանդների, Բուլղարիայի պատվիրակությունները։

Հունիսի 3-ին Երեւանի կենտրոնում՝ 5 մայրցամաքներից բերված հողի վրա, կտնկվի խաղաղության ծառ՝ սոսի։Հունիսի 2-5ը հանդիսատեսը կարող է անվճար դիտել տարբեր երկրներից ժամանած տիկնիկային թատրոնների ներկայացումները, իսկ հանգստյան օրերին՝ հայրենական տիկնիկային թատրոնների ներկայացումները։

Երթի մասնակիցները կհարգեն նաեւ Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառումը կընթանա Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։

Համաշխարհային երթը կավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Խաղաղության  համաշխարհային օրը եւ Հայաստանի անկախության օրը, Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր  գրասենյակի մոտ։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am