Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի՝ «Վեոլիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոյին, ում գլխավորած ընկերության հիմնադրած «Երեւան Ջուր» ջրամատակարար կազմակերպությունը 2006թ-ից տասը տարի ժամկետով իրականացնում է Երեւան քաղաքի եւ շրջակա մի շարք գյուղերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքները:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել մեր երկրում «Վեոլիա» ընկերության գործունեությունը, ընդգծելով, որ մինչ այժմ ընկերության ստանձնած պարտավորությունների կատարման գործում արձանագրված ցուցանիշները վկայում են նկատելի առաջընթացի մասին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Ֆրերոյի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի «Երեւան Ջուր» ընկերության աշխատանքին:

«Վեոլիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը նշել է, թե հպարտությամբ եւ մեծագույն պատասխանատվությամբ է իր գլխավորած ընկերությունը Հայաստանում գործունեություն ծավալում եւ աշխարհի մի շարք երկրներում ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտում ունեցած մեծ փորձը կիրառում նաեւ Հայաստանում: Անտուան Ֆրերոն ընդգծել է, որ «Վեոլիա»-ն Հայաստանում մեծ եւ հավակնոտ ծրագրեր ունի, նաեւ ցանկություն՝ ընդլայնելու գործունեության աշխարհագրությունը՝ մայրաքաղաքից բացի ընդգրկելով նաեւ Հայաստանի այլ քաղաքներն ու գյուղերը: Ըստ նրա, նպատակ մեկն է՝ ի վերջո Հայաստանում ամենուր ապահովել 24-ժամյա ջրամատակարարում:

Ընկերության գլխավոր գործադիր տնօրենը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ «Վեոլիա»-ն ակտիվորեն պատրաստվում է հաջորդ տարի մասնակցել ՀՀ կառավարության կողմից անցկացվելիք մրցույթին եւ կանի ամեն հնարավորը՝ ապահովելու մրցույթի պայմաններն ու իր փորձառությամբ եւ ծառայությունների մատուցման որակով օգտակար լինելու Հայաստանին ու հայ ժողովրդին: