Հայաստանում ջրի միասնական օպերատոր ունենալը ֆինանսապես արդյունավետ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Մասշտաբի էֆեկտի հաշվին նման տնտեսումը վաղուց է հայտնի եւ բազմիցս իրեն արդարացրել է»,-ընդգծել է նա:

Հարցին, միասնական օպերատորը չի՞ չարաշահի իր մենաշնորհային դիրքը, Հարությունյանը պատասխանել է, որ մենաշնորհն այստեղ անխուսափելի է, այն բնական մենաշնորհ է:

Նրա խոսքով, ճիշտ կառավարման եւ առաջնահերթությունների ճիշտ ընտրության դեպքում միասնական օպերատորը կարող է արդյունավվետ լինել: «Ինչ վերաբերում է նրա ֆինանսական կայունությանը, ապա դա կախված է նրանից, թե ինչ առաջնահերթություններ կընտրի օպերատորն իր աշխատանքում»,-հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

Նշենք, որ Հայաստանում ջրամատակարարման միասնական օպերատորը պետք է ընտրվի մինչեւ 2016-ի ամառը: