Պետք չէ արագացնել իրադարձությունները Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումների հետ կապված: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Հարցին, թե երբ են ավարտվելու այդ ստուգումները, Խաչատրյանը պատասխանել է. «Կավարտենք, կներկայացնենք ձեզ եւ կպատմենք»:

Նկատենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այդ ստուգումների ավարտի ժամկետ էր նշել մայիսի վերջը: «Մենք թաքցնելու բան չունենք, կարծում եմ, մինչեւ մայիսի վերջ, հունիսի սկիզբ ամեն բան կներկայացնենք»,-մայիսի 20-ին հայտարարել էր վարչապետը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ՀՀԿ խորհրդի նիստում կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր գործարար եւ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ օրենքի առջեւ իր պարտավորությունները կատարելու հարցն ուսումնասիրելու անհրաժեշտությունը: