Երևանում այսօր` հունիսի 2–ին, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած, Երևանի 47-ամյա բնակչուհի Սուսաննա Խաչատրյանը ամուսնացած էր և ուներ 4 երեխա: Այս մասին այսօր` հունիսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սուսաննայի ընկերուհի Գայանեն` նշելով, իրենց մյուս ընկերուհին` վթարի հետեւանքով ծանր վիրավորված, 33–ամյա Արմինե Ալեքյանն ամուսնացած էր, երեխա չուներ։
«Երկուսն էլ իմ ընկերուհիներն են։ Հաճախ տաքսի ծառայություններից չէին օգտվում, այս անգամ որոշել են օգտվել: 3-րդ մասից նստել են, որ գնան Մասիվ։ Արմինեի մայրիկի վիճակն էլ հիմա շատ վատ է, խեղճ կինը սպասում է, որ հրաշք տեղի ունենա»,– ասաց նա։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ Արմինեի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ, միացված է արհեստական շնչառության ապարատին, գիտակցություն չունի: Տաքսի մեքենայի վարորդի վիճակը եւս ծանր է, նրա մոտ առկա է դիմային գանգի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, կողոսկրերի կոտրվածք, դրական է այն, որ վերջինը միացված չէ արհեստական շնչառության ապարատին:
«Հույսի քարավան» տաքսի ծառայությունում, որին պատկանող «Ռենո» մակնիշի տաքսի մեքենայի մեքենայում են եղել Արմինեն եւ Սուսաննան, NEWS.am–ին վստահեցրին, որ վարորդը` Երևանի բնակիչ 62-ամյա Վալերի Մնացականյանը, առողջական խնդիրներ չի ունեցել։
«Սա մեր տաքսի ծառայության պատմության մեջ առաջին դեպքն էր: Վալերին մեր տաքսի ծառայությունում աշխատել է երկար ժամանակ և փորձառու վարորդ է։ Նա ամուսնացած է, ունի երկու երեխա, բնակվում է Երևանում վարձով»,– ասաց դիսպետչեր Կարեն Ավագյանը։
Նրա պնդմամբ` ողբերգական վթարը տեղի է ունեցել «Ֆորդ տրանզիտ» մակնիշի մեղավորությամբ, որը «կարմիր լույսի տակով է մտել»։
Քննչական կոմիտեից NEWS.am–ին տեղեկացրին, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242 հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով` Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում հունիսի 2-ին՝ ժամը 05:11-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աթոյան եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 23US344 համարանիշի եւ «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի L 3121 համարանիշի ավտոմեքենաները, ապա վերջինս բախվել է սյանը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ տրանզիտ» մակնիշի մեքենայի վարորդին՝ Հ. Սարգսյանին, «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ Վ.Մնացականյանին, եւ ուղեւորին` 33-ամյա Արմինե Ալեքյանին, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Ուղեւորներից Սուսաննա Խաչատրյանը մահացել է, իսկ վարորդների եւ մյուս ուղեւորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:





























