Արեգակի վրա տեղի ունեցած վերջին բռնկումները Հայաստանի վրա ազդեցություն ունենալ չեն կարող: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, աստղաֆիզիկոս Հայկ Հարությունյանը:
NASA-ի աստղագետները, ինչպես հայտնի է, Արեգակի պլազմայի ուժեղ բռնկումներ են արձանագրել: Գիտնականների կանխատեսումներով, բռնկումների արտանետումները Երկիր հասնելով՝ կբերեն մի շարք չնախատեսված հետեւանքների: Հարվարդ-Սմիթսոնյան կենտրոնի աստղաֆիզիկոսները կանխատեսում են, որ Երկրին սպառնացող նման ժայթքումներ Արեգակի վրա երկար ժամանակ է, ինչ տեղի չեն ունեցել: Արեւային ցունամին, ըստ աստղաֆիզիկոսների, կառաջացնի մագնիսային քամիներ: Բացի այդ, ամբողջ աշխարհում հնարավոր են կապի եւ էներգամատակարարման, ինչպես նաեւ արբանյակների խափանումներ:
NEWS.am-ի հետ զրույցում Բյուրականի աստղադիտարանի տնօրենը լրացուցիչ պարզաբանումներ տվեց այս կապակցությամբ: Աստղաֆիզիկոսի խոսքով՝ չի կարելի չափազանցված ներկայացնել տեղի ունեցած բռնկումը: «Արեգակի վրա նման երեւույթներ տեղի են ունենում ավելի հաճախ, քան մենք պատկերացնում ենք: 2001-ից մինչեւ հիմա եղել են բազմաթիվ, տեղի ունեցածից ավելի խիստ բռնկումներ: Իսկ վերջին բռնկմանը վերաբերել որպես շատ արտակարգ բան՝ չարժե»,-նշեց Հարությունյանը: Նա հավելեց, որ Արեգակի վրա տեղի ունեցած բռնկումը արձանագրվել է օգոստոսի 1-ին: Հարությունյանը պարզաբանեց, որ բռնկումներն ունեն կատեգորիաներ (B, C, N, X)՝ թույլից դեպի ուժեղ: Ամենաթույլը B կատեգորիան է, իսկ տեղի ունեցած բռնկումը C3 տիպի բռնկում է, այսինքն՝ թույլից մի քիչ է ուժեղ, որն առաջացրել է մագնիսական փոթորիկ: Փոթորիկների մեջ եւս կան դասեր՝ J1, J2, J3, J4, J5: J1-ը մենաթույլն է, J2-ը՝ միջին կարգի, J3-ը՝ ուժեղ, J4-ը՝ խիստ, J5-ը՝ ծայրահեղ: Տեղի ունեցած մագնիսական փոթորիկը J2 դասի է, այսինքն՝ թույլից մի քիչ ուժեղ եւ չի դասվում ուժեղների դասին: Այսպիսի փոթորիկները, ըստ աստղաֆիզիկոսի, կարող են բեւեռափայլեր առաջացնել մինչեւ 55 աստիճան լայնության վրա, իսկ Հայաստանը 40 աստիճան լայնության վրա է: Նրա խոսքով՝ թեեւ տեղի ունեցած բռնկումը Հայաստանի վրա առանձնապես ազդեցություն ունենալ չի կարող, բայց, այնուամենայնիվ, սրտանոթային հիվանդություններ ունեցողները պետք է զգույշ լինեն:




























