NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «The Diplomat» պարբերականի խմբագիր Քեթրին Փութսի հոդվածը:

Չնայած հունիսի 2-ին Վաշինգտոնյան միջազգային գործարար խորհրդի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային եւ Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Հոգլանդի նկատառումները կենտրոնացած էին առաջին հերթին Հնդկաստանի տարածաշրջանային առաջատարության ուղղությամբ, նա Կենտրոնական Ասիայի մասին ինչ-որ բան ասաց, որն արժանի է ուշադրության: Թեեւ Հոգլանդը, անկասկած, կարդում էր այդ տարածաշրջանի մասին Պետքարտուղարության ստանդարտ գրքից, հատկանշական է, որ նա ոչինչ չասաց Եվրասիական տնտեսական միության մասին, չխոսեց Չինաստանի մասին:

Մինչ Հոգլանդը նշեց, որ «Կենտրոնական Ասիան միատարր տարածաշրջան չէ, այլ պետությունների բազմազան խումբ՝ տարատեսակ ազգային շահերով», նրա նկատառումներն ուղղված էին տարածաշրջանին ընդհանրապես: Նա ասաց, որ ԱՄՆ-ն «զգալիորեն կենտրոնացած է Կենտրոնական Ասիայի պետությունների հետ, ինչպես նաեւ նրանց եւ Հարավային Ասիայում, Եվրոպայում եւ Արեւելյան Ասիայում նրանց հարեւանների միջեւ ավելի սերտ փոխգործակցությամբ տարածաշրջանային ռազմավարության ուղղությամբ»:

Հատկանշական է, որ Հոգլանդի նկատառումներում բացակայում էր Եվրասիական տնտեսական միության մասին հիշատակումը, որում ներառված է Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, վերջին շրջանից՝ նաեւ Ղրղըզստանը: Անկասկած, Վաշինգտոնյան միջազգային գործարար խորհրդի համար, որը «տեղեկատվական եւ խորհրդատվական ծառայություններ է մատուցում ամերիկյան կորպորացիաներին», օգտակար կլիներ իմանալ, թե ԵՏՄ-ն ինչպես է ազդելու տարածաշրջանում ամերիկյան գործարար շահերի վրա:

Հոգլանդն ընդամենը մատնանշեց Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի տնտեսական կապը. «Ներկայում նրանք պայքարում են Ռուսաստանի տնտեսության անկման հետեւանքների դեմ, հատկապես՝ կապված դրամական փոխանցումների անկման հետ»: Նա նաեւ ասաց, որ տարածաշրջանում «որոշակի իրական ազդակ» գոյություն ունի, չնայած Ղազախստանի եւ Տաջիկստանի վերաբերյալ Համաշխարհային բանկի վերջին տնտեսական կանխատեսումները հակառակի մասին են խոսում:

Մինչ տարածաշրջանում Ռուսաստանի հետ հարաբերությունները ներկայացվում են միայն բացասական լույսի ներքո, Չինաստանի շահերն ու Կենտրոնական Ասիայի հետ նրա փոխգործակցությունը Վաշինգտոնի կողմից բարեհաճությամբ է ընկալվում: Իր վերջին ելույթում Հոգլանդը նշեց, որ Վաշինգտոնը կարծում է, որ «Կենտրոնական Ասիայում Չինաստանի որոշ ջանքեր միանգամայն կարող են լրացնել մեր ջանքերը»: Չնայած Հարավ-Չինական ծովում Չինաստանի համառությունը հոռետեսորեն է ընդունվում, Կենտրոնական Ասիայում այդ երկրի էներգետիկ եւ տնտեսական առաջընթացն ավելի վարդագույն լույսի ներքո է դիտարկվում: