2009 թվականի օգոստոսի 10-ին լրացել է Սեւրի պայմանագրի ստորագրման 89-ամյակը։ Այդ կապակցությամբ Արգենտինայի հայկական համայնքի Diario Armenia թերթը վերլուծության է ենթարկել փաստաթղթի ու այն օրերի իրադարձությունների որոշ ասպեկտներ։
Պարբերականի կարծիքով, 1920 թվականին ստորագրված Սեւրի պայմանագիրը հանդիսացել է միացյալ Հայաստանի ելակետը։ Պայմանագիրն առաջարկում էր ժողովուրդների ինքնորոշման իրավունք եւ, մասնավորապես, Օսմանյան Թուրքիայի անմարդկայնությամբ ու դաժանությամբ հրահրված հարցի լուծումը, այն Թուրքիայի, որն իր վախճանի շեմին փորձում էր իր մաղձը թափել անպաշտպան ժողովուրդների վրա։
Սեւրի պայմանագրի համաձայն, Թուրքիան կորցնում էր մի շարք տարածքների վերահսկողությունն ու ճանաչում Հայաստանը որպես անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին ենթարկվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի ու Տրաբզոնի վիլայեթների սահմանների միջնորդության հարցում եւ ընդունում Հայաստանին Սեւ ծովից (Բաթումով) օգտվելու հնարավորություն տալու նրա պայմանները։ Այսինքն, այդ դեպքում Թուրքիային կպատկաներ իր այսօրվա տարածքի ընդամենը 30-35%-ը։
Հայաստանից պայմանագիրը ստորագրել են Ավետիս Ահարոնյանը՝ որպես Հանրապետության ներկայացուցիչ և Պողոս Նուբար Փաշան՝ որպես հայկական համայնքի ներկայացուցիչ։
Հայկական հարցի կենտրոնական խորհրդի կողմից 1970 թվականին Բուենոս Այրեսում հրատարակված «Սեւրի պայմանագիրն ու հայկական հարցը» գրքում կարելի է ծանոթանալ 1920 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգերի լիգայի 26-րդ ասամբլեայում նորվեգացի ականավոր գիտնական ու Ազգերի լիգայի գերագույն կոմիսար Ֆրիտյոֆ Նանսենի հետեւյալ հայտարարությանը. «Մեծ դժվարությունները խանգարում են որոշում կայացնել։ Հայաստանի վիճակն այս պահի դրությամբ շատ ցավալի է։ Նրա տարածքների մեծ մասը զավթված է թշնամական զորքերի կողմից, չկա լիարժեք կառավարություն, իսկ նրա սահմանները մինչ այժմ որոշված չեն»։
Իսկ Կանադայի պատվիրակ պարոն Ռոուելը արտահայտվել է հետեւյալ կերպ. «Հուսանք, որ ԱՄՆ նախագահի ջանքերով եւ Իսպանիայի ու Բրազիլիայի սերտ համագործակցությամբ կհաջողվի ազատագրել հայ ժողովրդին ու երկրում հաստատել կայուն կառավարություն, որպեսզի այն իր իշխանությունը տարածի իր ողջ տարածքում, ընդհուպ մինչեւ իր սահմանները»։
Նշենք, որ վերոհիշյալ ասամբլեայում խոսքը Ազգերի լիգային Հայաստանի ինտեգրման մասին էր, սակայն 29 մասնակից-երկրներից 21-ը դեմ են արտահայտվել, իսկ կողմ են քվեարկել Կանադան, Պերուն, Պորտուգալիան, Ռումինիան, Սալվադորը, Շվեյցարիան, Ուրուգվայն ու Վենեսուելան։
Նանսենի ու Ռոուելի արտահայտությունները լուրջ նշանակություն ունեն նոր սերնդի համար, եթե նա փորձի հետևել Ավետիս Ահարոնյանի ու Պողոս Նուբար Փաշայի օրինակին՝ պահանջելով Թուրքիայից ճանաչել իր կողմից իրականացված Ցեղասպանությունը և փոխհատուցել հայերին հասցված բարոյական ու նյութական վնասը։ Այդ մասին են վկայում հայկական ճարտարապետության գլուխգործոցները, որոնք ավերվում են հավերժ մեր պատմական Հայաստանի, Կիլիկիայի և այլ վայրերի բնակավայրերում ու քաղաքներում, ուր հայ ազգը մշակութային ժառանգություն է թողել ողջ մարդկության համար…
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























