Շիրակի մարզի Կամո գյուղում գայլերը մտել են բնակիչներից մեկի անասնագոմը, շարքից հանել 21 խոշոր եւ մանր եղջերավոր կենդանի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետ Ռոբերտ Ղազարյանը:
Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի առավոտյան, գայլը մտել է անասնագոմ, որտեղ կային 50-ից ավելի կենդանիներ: Գայլ կենդանիների մի մասին կերել է, մյուսներին՝ վնասել: Կանչել են անասնաբույժ, ով ասել է, որ կենդանիները պիտանի չեն, մորթել են, տվել շներին:
Ռոբերտ Ղազարյանն ասաց, որ այժմ հովիվները զենքերով հերթապահում են, բայց արգելել են գայլին սպանել, մայրացու գայլ է: Նա նշեց, որ ընտանիքին հասցվել է մոտ 1մլն դրամ վնաս: «Սովորական, գյուղի պայմաններում ապրող մարդիկ են, երկու աղջիկ ունեն, ուսանող են, դպրոցական որդի ունեն: Դե մեզ մոտ բարձր սարեր ունենք, Ջաջուռի անտառներ, գայլերի տեղը հայտնաբերելը դժվար է, էս տարի մի քանի հատ էլ ոչխար է տարել, նախորդ տարի էլ հորթեր էր տարել»,-ասաց գյուղապետը:




























