Իրենց աշխատավարձերի պարտքերի մարման եւ «Նաիրիտ» գործարանի վերագործարկում պահանջող մի քանի տասնյակ նաիրիտցիներ պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, հակառակ դեպքում սպառնում են կտրուկ քայլերի դիմել։

Այսօր՝ հունիսի 4-ին, «Նաիրիտ» գործարանի նախկին եւ ներկայիս աշխատակիցները կրկին հավաքվել են կառավարության առջեւ՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ։

«Եթե այս հանդիպումը չլինի, մենք նստացույց կանենք, գիտենք, որ դա կարող է խնդիրներ առաջացնել, բայց մենք պատրաստ ենք դրան։ Այսպես հավաքվելով ոչինչ չի լինում»,- ասաց գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ նաիրիտցիներին է միացել «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը, որին սակայն կրկին նաիրիտցիները թույլ չտվեցին միանալ իրենց։ Այնուամենայնիվ, Անի Զախարյանը կոչ արեց հավաքվածներին թույլ տալ նրանց առաջնորդել, քանի որ «Անուշ Հարությունյանը լեւոնական է եւ չի կարող լավագույնս առաջնորդել նրանց»։

Այս պահին շարունակվում է նաիրիտցիների բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: