Հայաստանի գյուղատնտեսության պաշտպանության համար անհրաժեշտ է 5 165 հակակարկտային կայան։ Այս մասին հունիսի 4-ին կայացած Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
Ներկայումս Հայաստանում գործում է 412 հակակարկտային կայան, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ 72։ Կարկտաբեր ամպերից բավարար պաշտպանություն ապահովելու համար անհրաժեշտ է 5 165 կայան։ Դրանցից անհապաղ պետք է տեղադրվի 1021-ը։
Նախարարը նշեց, որ անհրաժեշտ են նաեւ ամպերի վաղ հայտնաբերման ռադիոլոկացիոն կայաններ։ Եթե Խորհրդային Հայաստանում դրանց թիվը 10-ն էր, ապա հիմա՝ 1-2-ը։ Հակակարտկային կայանների կարիքը հատկապես կա Շիրակի մարզում (հիմա դրանց թիվը 56-ն է, իսկ պետք է 931-ը), Տավուշում (ընդամենը 3-ն է, պետք է 317-ը), Սյունիքում եւ Գեղարքունիքում, որտեղ գրեթե ոչ մի կայան չկա, իսկ պետք է համապատասխանաբար 541 եւ 1031 կայան։ Մյուս մարզերում դրանց կարիքը նույնպես կա։




























