Հունիսի 4-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են ՎՊ վեցերորդ վարչության պետ Մարտին Քյուրքչյանը եւ վարչության աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամ Գագիկ Մկրտումյանը:

Հանդիպման ընթացքում ՎՊ նախագահին են ներկայացվել վեցերորդ վարչության կատարած վերահսկողության նախնական արդյունքները` կապված ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված հետեւյալ թեմաների հետ`

• ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային միջոցների եւ դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում,

• ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհային միջոցների եւ դրանց շրջանակներում պետական բյուջետային միջոցների օգտագործում:

Քննարկվել են 4 ենթահարցեր` «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման ծրագիրը, էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիրը, էներգախնայողության ծրագիրը եւ երկրաջերմային էներգիայի ծրագիրը:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հանձնարարել է ստուգել «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման եւ էներգախնայողության ծրագրերը, իսկ էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի պարագայում աշխատել օպերատիվ վերահսկողության ռեժիմով:

Երկրաջերմային էներգիայի ծրագիրը քննարկելիս պարոն Զաքարյանը հանձնարարել է խորացնել դիտարկման փուլը եւ առանձին վերլուծել ձեռք բերված տվյալները: