Հայաստանը կմեծացնի ալկոհոլի, ծխախոտի եւ բենզինի ակցիզները։ «Ակցիզավորված հարկի մասին» համապատասխան օրինագիծը հավանություն է ստացել հունիսի 4-ին կայացած Կառավարության նիստում։

Ինչպես նիստում նշեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ակցիզի դրույքները փոխվում են ԵՏՄ ակցիզային դրույքների հետ ներդաշնակության գործընթացի մեկնարկի պատճառով։

Սպիրտային խմիչքների ակցիզները նվազագույն 500 դրամից կբարձրանան մինչեւ  550 դրամ մեկ լիտրի դիմաց, իսկ տոկոսային դրույքը 50 տոկոսից կդառնա 55 տոկոս։

Հազար հատ սիգարի դրույքը 550 դրամից կթանկանա 605 դրամ, իսկ հազար հատ ծխախոտի դրույքը՝ 5 հազարից 5.5 հազար դրամ։ Առանց ֆիլտրի ծխախոտի ակցիզը 1400-ից կդառնա 1540 դրամ։

Դիզվառելիքի նվազագույն ակցիզը առաջարկվում է 32.5 հազարից դարձնել 35 հազար դրամ, իսկ տոկոսադրույքը թողնել նույնը՝ 10 տոկոս։

Խտացված բնական գազի ակցիզն առաջարկվում է սահմանել 8 330 դրամ  1000 խ/մ-ի դիմաց։