Հունաստանի կառավարությունը կարող է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եթե վարկատուները չհամաձայնվեն զիջումների գնալ վարկեր տրամադրելու հարցում։ Այս մասին Ant1 հեռուստատեսության եթերում հայտարարել է Հունաստանի առողջապահության եւ սոցիալական ապահովության առաջին փոխնախարար Դիմիտրիս Ստրատուլիսը։
«Վարկատուները փորձում են մեզ կոշտ մեթոդներ պարտադրել։ Եթե նրանք չհրաժարվեն կառավարությունը շանտաժի ենթարկելուց, մենք ստիպված ենք լինելու այլընտրանքային լուծումներ փնտրել եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել»,- ասել է նա։
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել էր, որ Հունաստանի կառավարությունը չի ընդունի վարկատուների առաջարկած համաձայնության նախագիծը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռուստակամուրջի ժամանակ նա պարզաբանել է, որ Բրյուսելի առաջարկը չի կարող հիմք հանդիսանալ համաձայնության համար, քանի որ դրանցում հաշվի չեն առնվել վերջին ամիսների ընթացքում Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը, ԵԿԲ-ն եւ ԱՄՀ-ն համաձայնության էին եկել Աթենքի վարկային ծրագրի երկարաձգման հարցում փոխարենը բարեփոխումների ծրագիր առաջարկելով։ Աթենքը, դրան ի պատասխան, սեփական պայմաններն էր առաջ քաշել։ Կողմերը դեռեւս չեն հաղթահարել բարեփոխումների առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունները։





























