Սիրիայի եւ Հայաստանի ժողովուրդները բախվում են միեւնույն մարտահրավերներին: Օսմանները, որ 100 տարի առաջ իրագործեցին ծանրագույն հանցանք հայ ժողովրդի նկատմամբ, այսօր ի դեմս Էրդողանի ռեժիմի, նույն մեթոդներն են օգտագործում սիրիացի ժողովրդի նկատմամբ, մասնավորապես` ահաբեկչությունը: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը` Դամասկոսում ընդունելով ՀՀ Ազգային Ժողովի հայ-սիրիական բարեկամության խմբի անդամներին:
Նա հայտարարել է, որ ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն այսօր կոչված է ճնշում գործադրել միջազգային հանրության վրա` մշակելու համար արդյունավետ հակաահաբեկչական ծրագիր:
Դա անհրաժեշտ է ոչ միայն սիրիական ժողովրդի, այլեւ տարածաշրջանի եւ աշխարհի այլ ժողովուրդների պաշտպանության համար եւ, քանի որ ահաբեկչությունը սահմաներ չունի, այն չի կարող մնալ մեկ պետության սահմաններում՝ չտարածվելով դեպի այլ պետություններ:
Սիրիական ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը հաղորդում է, որ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հաստատել է, որ հայ ժողովուրդն աջակցում է սիրիացի ժողովրդին, որը ենթարկվում է տարածաշրջանի որոշ պետությունների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների հարձակումներին: Նա վստահություն է հայտնել, որ Սիրիան այս պատերազմից դուրս կգա հաղթանակած:
Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը` հայ եւ սիրիացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման նպատակով:
Հանդիպմանը ներկա էր Սիրիայի խորհրդարանում Հայ-սիրիական բարեկամության խմբի ղեկավար Բուտրոս Մուրջանան եւ Դամասկոսւմ Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը:





























