Հայաստանում անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման կապակցությամբ քրեական գործ հարուցել, այլապես թալանը կշարունակվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով, կամ հայ հասարակությունը պետք է վճարի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շռայլությունների եւ անփույթ աշխատանքի համար, կամ բոլորս միասին պետք է նրան «ոչ» ասենք:

Սաֆարյանը նշեց, որ ՀԷՑ-ի նման աշխատաոճը օրինաչափություն է դարձել, սակայն նման ձեւով ընկերության խնդիրները չեն լուծվի: «Եթե մինչ այժմ իրավապահ մարմինները ոչ մի կերպ չեն արձագանքել բացահայտ վատնումների մասին տեղեկատվությանը, ուրեմն սրանով ամեն ինչ չի ավարտվի եւ տվյալ ընկերությունը կշարունակի նման գործելաոճը»,-նշեց Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, Հայաստանի իշխանությունն արդեն ընդունել է էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշում: «Իհարկե հոսանքի գինը չի բարձրանա 17 դրամով, բայց որոշակի թանկացում կլինի»,-ասաց Սաֆարյանը:

Փորձագետը նշեց նաեւ, որ չի կարելի թերագնահատել քաղաքացիական հասարակության գործոնը եւ այս հարցի ճակատագիրը շատ իմաստներով կախված է լինելու վերջինից: