Կառավարության շենքի առաջ այսօր՝ օգոստոսի 5-ին, հավաքվել էին զոհված զինծառայողների ծնողները՝ ձեռքներին իրենց որդիների լուսանկարները: Նրանք ավանդաբար՝ ամեն հինգշաբթի՝ կառավարության նիստերի օրերին, հավաքվում են այդ վայրում եւ պահանջում պատժել իրենց որդիների մահվան հարցում մեղավորներին: Ծնողները սպասում էին, թե ե՞րբ պետք է Կառավարության շենքից դուրս գա Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպեսզի իրենց բողոքը հայտնեն:
Պնախարարը, սակայն, հավանաբար նախօրոք տեղեկանալով իրեն սպասվող ոչ հաճելի հանդիպման մասին, նիստի ավարտից հետո կառավարության վարչական շենքը լքեց ոչ թե գլխավոր մուտքից, այլ՝ ետնամուտքից: «Փախած ա ման գալիս, քանի որ պատասխան չունի տալու»,-ասաց ծնողներից մեկն ու հավելեց՝ «Ամո'թ, հազա'ր ամոթ»: Նրան միացան նաեւ մյուս ծնողները՝ հայտարարելով, թե «բանակում տիրող «բարդակի» մեղավորը» հենց նախարարն է: «Անպատժելիության մթնոլորտի պատճառով է, որ սպանություններ են տեղի ունենում ու հլը ինչքա~ն տեղի կունենան...»,-նշեց ծնողներից մեկը:




























