Հայաստանում բիզնեսը զարգանում է եւ ընդլայնվում, եւ այդ կապակցությամբ մեր երկիրը հետաքրքիր հարթակ է դառնում արտասահմանյան ընկերությունների համար։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Երեւանում բացվել են հանրահայտ ապրանքանիշերի մի քանի ցանցային խանութներ եւ սրճարաններ, 2 խոշոր առեւտրի եւ զվարճանքի կենտրոն եւ ֆրանսիական Carefour հիպերմարկետների ցանցը։

Հայաստանը բավական սերտ կապեր ունի Ֆրանսիայի հետ, սակայն մեզ մոտ ֆրանսիական ընկերությունները շատ չեն։

Rencontres d’ Affaires franco-arméniennes միջոցառման շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ նախաճաշ էր կազմակերպել, որի ժամանակ ներկայացվեցին 4 հանրահայտ ֆրանսիական ապրանքանիշերը։

SAINT-JAMES –ը համաշխարհային հռչակ վայելող ապրանքանիշ է, որը հայտնի է աշխարհում առաջին ծովային զոլավոր շապիկների արտադրությամբ։ Այս բացառիկ ձեռնարկությունը իր ապրանքն արտադրում է բացառապես Ֆրանսիայում, իսկ ավելի  կոնկրետ՝ Նորմանդիայում։

Ընկերությունը իր զարգացման 200 տարիների ընթացքում կարողացել է սեր եւ պահանջարկ վայելել։ Ի սկզբանե շապիկներն ունեին 21 զոլ, որը ենթադրաբար խորհրդանշում էր Նապոլեոնի նավատորմի 21 հաղթանակները։ SAINT-JAMES-ը հագուստ էր կարում նավաստիների համար, իսկ  հիմա դա կրում են այնպիսի հանրահայտ աստղեր, ինչպես Ջոնի Դեպը, Գվինեթ Փելթրոուն, Եվա Լանգորիան եւ այլոք։

BIOGENIE-ն էսթետիկ գեղեցկության եւ կոսմետիկ դեղամիջոցների համար առաջնակարգ սարքավորումներ արտադրող ընկերություն է։ Ընկերությունը շուկայում առանձնանում է Բջջային էլեկտրագեղագիտության իր յուրահատուկ կոնցեպցիայով։ Դրա հիմնական գաղափարը մաշկի բջիջների վրա էներգաինֆորմացիոն դաշտերով ազդող յուրահատուկ դեղամիջոցների ազդեցությունների համատեղումն է, որից մաշկը երիտասարդանում եւ լիցքավորվում էներգիայով, ինչպես նաեւ մերսման հատուկ տեխնոլոգիան եւ արդյունավետ կոսմետիկ դեղամիջոցները։

TECSOM-ը Եվրոպայում սալիկների գորգային ծածկույթով զբաղվող ընկերություն է։ Այն ավելի քան 150 տարի գործում է Ֆրանսիայի Շամպան քաղաքում։ TECSOM-ը դիզայնով է զբաղվում եւ կարող է պատվերի դեպքում կնիքներ անել գորգածածկույթի վրա։  TECSOM-ը համագործակցում է հանրահայտ դիզայներների՝ Paco Rabanne-ի, Matt Sindall-ի, Christian Ghion-ի հետ։

HYGIÈNE & NATURE-ն հնագույն տեխնոլոգիաներով արտադրում է MAITRE SAVON DE MARSEILLE օճառը։ Ընկերությունը հայտնի է նաեւ իր մաքրող լվացող միջոցներով։