Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացածները ընկերներ էին, նույն ընտանիքից ազգականներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը:

Նա դեպքի մասին լուրն առնելուն պես մեկնել է դեպքի վայր եւ ականատես եղել մի ողբերգական տեսարանի: Քաղաքապետն ասաց, որ զոհված երիտասարդների ընտանիքներին ճանաչում է, տղաներն էլ նորմալ, կազմակերպված երեխաներ էին, երբեւէ նրանց մասին վատ բան չի լսել. կարծես նրանցից մեկը ամուսնացած էր, կային նաեւ ուսանողներ: «Նորմալ մեքենա էր, ես տեղում ԱԻՆ աշխատակիցներին հարցրի, ասացին՝ գազի բալոնը չի պայթել: Ողբերգական իրավիճակ էր, հրդեհ էր, հրշեջները հանգցին, մեկը մեքենայի կողքն է եղել, բոլորն էլ տեղում մահացած էին»,-ասաց քաղաքապետը:

Ի դեպ, մահացած երիտասարդներից  22-ամյա Արման Հրաչյայի Տոնոյանը «Տաշիր» ընկերության  սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր՝ պատգամավոր Կարեն Կարապետյանի վարորդի որդին է, պատգամավորը երեկ դեպքի վայրում է եղել,  մահացածներից  24-ամյա Վահագ Վախթանգի Ալբերտյանի հայրն էլ ոստիկանության Տաշիրի բաժնում անձնակազմի գծով տեղակալն է, իսկ  Գևորգ Պողոսյանի հայրը աշխատում է ԱԱԾ-ում, երիտասարդը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել: Մահացածներից 4 Մեծավանի գյուղից է, 3-ը ապրում էին Տաշիրում, մեկը՝ Մեծավանում: Գյուղապետ Սերյոժա Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց համագյուղացիները ուսանող էին, սովորական ընտանիքից, նորմալ, աշխատող մարդիկ էին: Մեծավանում ապրող երիտասարդը, ով գյուղապետի քրոջ թոռն է, պետք է ամռանը հոր հետ մեկնել ՌԴ՝ արտագնա աշխատանքի, նա սովորում էր գյուղակադեմիայում, ուներ քույր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարար ծառայությունը հունիսի 6-ին, ժամը 00.39-ին, փրկարար ծառայությունում տեղեկատվություն է ստացել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել քարերին եւ բռնկվել: ՃՏՊ-ի հետեւանքով զոհվել են Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 1994թ. ծնված Վանիկ Մարդոյանը, 1991թ. ծնված Վահագ Ալբերտյանը, 1993թ. ծնված Արման Տոնոյանը, 1991թ. ծնված Գեւորգ Պողոսյանը, 1993թ. ծնված Կարեն Խաչատրյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Գասպար Ղուկեյանը եւ Երեւանի բնակիչ՝ 1993թ. ծնված Արթուր Բալյանը:

Հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա. ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածք, ավտոմեքենայի մասնատման եւ դիակների հանման համար:

Հունիսի 6-ին, ժամը 09.06-ին հրշեջ-փրկարարները մասնատել են ավտոմեքենան, դուրս բերել դիակները եւ փոխանցել դիահերձարանի աշխատակիցներին: