Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի հանգամանքները կպարզի քննությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռիի ոստիկանապետ Արտակ Կարապետյանը:

Նա նշեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, նշանակվել են փորձաքննություններ, որոնք կպարզեն դեպքի հանգամանքները: Հարցին, թե ինչն է եղել հրդեհի բռնկման պատճառը, ոստիկանապետն ասաց, որ դա միայ նպարզ կլինի փորձաքննության ավարտից հետո, բայց միանշանակ է, որ գազի բալոնը չի պայթել, հնարավոր է վառելիքից բռնկված լինի հրդեհը:

Վթարի մասին զրուցեցինք նաեւ Տաշիրի ոստիկանապետ Արտակ Հովհաննիսյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ հրդեհի բռնկման պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ՝ հնարավոր է մեքենան հրդեհված լինի բախումից, կարճ միացում եղած լինի կամ վառելիքի արտահոսք, ամեն ինչ պարզ կլինի քննության արդյունքում: Ինչ վերաբերում է մեքենայի համարանիշներ չունենալուն, Տաշիրի ոստիկանապետն ասաց, որ մեքենայի առուվաճառքը նոր էր եղել եւ դեռ չէին հասցրել համարանիշները ստանալ: Մեքենան Տաշիր քաղաքի բնակիչ, 21-ամյա Վանիկ Ստեփանի Մարդոյանին է, նոր էր գնել, բայց դեռ հայտնի չէ՝ ղեկին ով էր: Արտակ Հովհաննիսյանը նշեց, որ ամբողջ կյանքում նման դաժան տեսարան չէր տեսել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարար ծառայությունը հունիսի 6-ին, ժամը 00.39-ին, փրկարար ծառայությունում տեղեկատվություն է ստացել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել քարերին եւ բռնկվել: ՃՏՊ-ի հետեւանքով զոհվել են Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 1994թ. ծնված Վանիկ Մարդոյանը, 1991թ. ծնված Վահագ Ալբերտյանը, 1993թ. ծնված Արման Տոնոյանը, 1991թ. ծնված Գեւորգ Պողոսյանը, 1993թ. ծնված Կարեն Խաչատրյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Գասպար Ղուկեյանը եւ Երեւանի բնակիչ՝ 1993թ. ծնված Արթուր Բալյանը:

Հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա. ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածք, ավտոմեքենայի մասնատման եւ դիակների հանման համար:

Հունիսի 6-ին, ժամը 09.06-ին հրշեջ-փրկարարները մասնատել են ավտոմեքենան, դուրս բերել դիակները եւ փոխանցել դիահերձարանի աշխատակիցներին: