Սպառողական ոլորտի գլխավոր հիմնահարցը ապրանքների վրա հայերեն լեզվով մակնշումների բացակայությունն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը։
Ըստ նրա, ներկրված ապրանքների 80%-ի վրա հայերեն մակնշում չկա եւ դա որոշ դեպքերում կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ սպառողների առողջության վրա։
Խնդիրը լուծելու համար սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները ներկայումս մշակում են կառավարության որոշման նախագիծ։
Այն նախատեսում է մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը ներկայացնել այն ոչ պարենային ապրանքների ցուցակը, որոնց վրա անպայմանորեն պետք է լինեն հայերեն մակնշումներ։ 2011 թվականից ցուցակում եղած բոլոր ապրանքները վաճառքի կհանվեն նաեւ հայերեն բացատրություններով։
Ի դեպ, նախատեսվում է ստեղծել նաև սննդի անվտանգությանը վերաբերող մասնագիտացված կայք, որտեղ կհրապարակվեն տեսչությունների ստուգման արդյունքները։
«Մենք առաջարկում ենք, որ ամեն մի ստուգման արդյունք հրապարակվի։ Եթե մի սուպերմարկետի տուգանեն 100 կամ 100 հազար դրամով եւ այդ սուպերմարկետի մասին տեղեկատվություն չլինի, տուգանքը սուպերմարկետի համար ոչինչ է։ Բայց եթե տեղեկատվությունը լինի ինչ-որ մի մասնագիտացված կայքում, որ այդ սուպերմարկետում ժամկետանց սնունդ է հայտնաբերվել, 1000 սպառող չի օգտվի նրա ծառայություններից, եւ դա մի քանի միլլիոնի վնաս կհասցնի սուպերմարկետին եւ այն կսկսի ավելի պատշաճ սպասարկում իրականացնել»,- ասել է Եղոյանը։



















