Օգոստոսի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկել են  հայ մեծանուն գեղանկարիչ Հարություն Կալենցի 100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց ներկա են եղել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը,Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախ  կայացել է Կալենցի կտավները եւ կենսագրությունը ներկայացնող գրքի շնորհանդեսը, ապա բացվել է նկարչի ցուցահանդեսը:

Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի խոսքերով` այս հրաշալի վարպետը նոր շունչ է հաղորդել 1950-60-ական թվականների հայ գեղանկարչությանը: Գեղանկարչի որդին` «Կալենց» մշակութային հիմնադրամի նախագահ Սարո Կալենցը նկատեց, որ այս գրքին սպասել են 70 տարի, եւ վերջապես, մշակույթի նախարարության օժանդակութամբ, այն հրատարակվել է:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շրջել է  ցուցասրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Կալենցն իրոք մեծ նկարիչ է, եւ այս ցուցահանդեսի մարդաշատությունը արտահայտում է ժողովրդի, հասարակության վերաբերմունքը նրա նկատմամբ:

Այս տարի Հարություն Կալենցի ցուցահանդես նախատեսվում է կազմակերպել նաեւ Բեյրութում՝ նկարչի լիբանանյան շրջանը (որտեղ նա ապրել եւ ստեղծագործել է 19 տարի, մինչեւ Հայաստանը ներգաղթը)` ներկայացնող գործերով: