Օտարերկրյա դիվանագետները եւ զբոսաշրջիկները լքում են Մոսկվան բնապահպանական իրավիճակի վատթարացման պատճառով: Շատ պետություններ կոչ են արել իրենց քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Ռուսաստան այցելելուց: Այդ մասին հաղորդում է Baltkom 93,9 FM ռադիոկայանը:

Գերմանիան ժամանակավորապես փակել է դեսպանությունն ու հյուպատոսական բաժինը: Իսկ Ավստրիան, Լեհաստան եւ Կանադան Մոսկվայից ետ են կանչել իրենց աշխատակիցներին եւ նրանց ընտանիքներին: Այլ միջոցների են դիմել ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին չմեկնել Ռուսաստանի այն տարածաշրջաններ, որտեղ մոլեգնում են հրդեհները:

Այդ ամենը հարուցել է Ռոսպոտրեբնադզորի դժգոհությունը: Գերատեսչության ղեկավար Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, թե Ռուսաստանի շրջանների մեծ մասում բնական անոմալիաներ եւ հրդեհներ չկան: Նա կոչ է արել նախ այցելել Պետերբուրգ կամ Ռուսաստանի հարավ: Մոսկվա կարելի է այցելել, երբ եղանակը կկարգավորվի:

Մայրաքաղաքը լքում են ոչ միայն մարդիկ: Մշուշի եւ տապի պատճառով Մոսկվայից թռչում են թռչունները: