Ինձ ոչինչ չի եղել, վթարն էլ խոշոր չափերի չէր, մեքենան է վնասվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, որը հունվարի 18-ին վթարի էր ենթարկվել Աթոյան և էրեբունի 15-րդ փողոցների խաչմերուկում:

Նա նշեց, որ մոտ մեկ տարի առաջ նույն մեքենայով վթարի էր ենթարկվել, նորից տաքսի մեքենան է բախվել իր մեքենային: Ինչպես դերասանուհին նկատեց՝ փաստորեն ստացվում է, որ տաքսի մեքենաները հետապնդում են իրեն:

Լուիզա Ղամբարյանը չի շտապում ասել՝ ով էր մեղավոր վթարի մեջ, քննությունը կպարզի:  «Դժվարանում եմ ասել՝ ով էր մեղավոր, երկրորդ գծով էի գալիս, տաքսի մեքենան հետեւն էր, թարթիչը միացնելով, նայելով հայելու մեջ, շրջադարձ եմ փորձել կատարել, բախվեցինք: Կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում կպարզվի՝ ով է մեղավոր, ու եթե պարզվի, որ մյուս մեքենան է մեղավոր, իրենց ԱՊՊԱ-ն պետք է վերանորոգի մեքենան, վնասը չգիտեմ՝ ինչքան է, մասնագետները կորոշեն»,-ասաց նա:

Վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած տաքսի մեքենայի ուղեւորին տեղափոխել են հիվանդանոց, նրա մոտ ուսային հատվածում վնասվածք կար, դերասանուհին մեր հետ զրույցի պահին գնում էր նրան տեսության:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում երեկ՝ հունիսի 18-ին, վթարի է ենթարկվել հայտնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Աթոյան և էրեբունի 15-րդ փողոցների խաչմերուկում բախվել են 38-ամյա Լուիզա Ղամբարյանի վարած Kia եւ 32-ամյա Արթուր Առաքելյանի վարած Opel Astra մակնիշի մեքենաները: Վթարի հետեւանքով Opel-ի ուղեւորը, որը սովորում է 9-րդ դասարանում, տեղափոխվել է հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Լուիզա Ղամբարյանը վթարի էր ենթարկվել 2014թ հունվարի 10-ին: Այդ ժամանակ Փափազյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում  բախվել էին Լուիզա Ղամբարյանի վարած KIA եւ Ս. Չ.-ի Daewoo Nexia մակնիշի մեքենաները: Վթարի հետեւանքով տուժածներ չկան, միայն գույքային վնաս է հասցվել: Դերասանուհին մեղավոր չի եղել վթարի մեջ: